Երիտասարդ ֆուտբոլիստները հպարտ են, որ հանդես են եկել ազգային հավաքականի կազմում

Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականում իրենց նորամուտը տոնած երիտասարդ ֆուտբոլիստները ասում են, որ ազգային ընտրանու կազմում հանդես գալը եղել է իրենց ամենամեծ ցանկություններից մեկը, մեծ հպարտություն ու պատասխանատու քայլ էր իրենց համար.

«Տպավորություններս աննկարագրելի էին, շատ էի ուրախացել ու նաև ուրախացել էի մեր հաղթանակի համար։ Մեր ամբողջ ազգը սպասում էր, որ մենք մեր տանը նրանց պարտվել էինք ու բոլորը սպասում էին, որ պետք ա հաղթեինք: Դրանից ես ավելի շատ էի ուրախացել։ Շատ մեծ պարտադրող բան ա ու մեծ պատիվ հանդես գալ ազգային հավաքականի կազմում», -«Ազատության» հետ զրույցում ասաց «Փյունիկի» 21-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանը, ով ազգային հավաքականում նորամուտի խաղում աչքի ընկավ իր խփած գոլով․ - «Չէի սպասում, որ գոլի հեղինակ կդառնամ, բայց կսպասեի, որ լավ կարող եմ հանդես գալ։ Կարող էի ավելի լավ հանդես գալ այդ խաղում, ինչքան որ ցույց տվեցի»։

Նրա խոսքով՝ հատկապես երիտասարդների համար ազգային հավաքականի հետ մարզվելը, նրանց հետ հանդես գալը փորձ ձեռք բերելու լավագույն հնարավորություն է․ - «Երիտասարդներն արդեն փուլ առ փուլ աճում են և պետք է արդեն փոքր-ինչ խաղի ժամանակ ստանան, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց որակները բարելավեն: Նորից կուզեմ հրավիրվեմ ազգային հավաքական, որպեսզի նորից կարողանամ որակներս ավելի լավ ցույց տալ»։

Լիխտենշտեյն - Հայաստան խաղին աչքի ընկավ նաև դարպասապահ Հենրի Ավագյանը։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ ազգային հավաքականից հրավեր ստանալու համար իրենից մեծ ջանքեր են պահանջվել․ - «Զգացողությունները անկրկնելի է, ուղղակի չգիտեմ լրիվ ուրիշ մակարդակ, լրիվ ոնց որ տեղափոխվես ուրիշ աշխարհ: Հասկանում ես, որ դա ազգային հավաքականն ա, ավելի մեծ ֆուտբոլիստների հետ ես հանդես գալիս։ Մեծ ոգևորություն կար, որովհետև խաղում էիր իրոք փորձառու, անունով ավելի բարձր մարդկանց հետ, բայց դաշտում բոլորս հավասար էինք»:

Խոսելով իր խաղի մասին՝ 22-ամյա Ավագյանն ասաց, որ լարվածությունը մեծ էր, ինքը կարող էր ավելին անել. - «Մարզիչները գոհ էին լավ մարզումներից սկսած մինչև խաղի օրը։ Բայց ես էլ հասկանում եմ, որ դեռ մեծ ճանապարհ ունեմ, որպեսզի հրավիրվեմ ազգային հավաքական, խաղամ ազգային հավաքականում»:

9 տարեկանից ֆուտբոլով զբաղվող Հենրի Ավագյանը, պատմում է, որ դարպասապահ դառնալը պատահական չի եղել. - «Սկզբնական շրջանում բոլորն էլ, որ գնում են ֆուտբոլի, ուզում են խաղալ, գոլ խփել... Խաղերի էինք գնում, պարտվում էինք․․․ Որոշեցի որ չէ, պետք է դարպասապահ դառնամ, թիմիս օգնեմ: Մարզչիս օգնությամբ, շատ մեծ աշխատանքի շնորհիվ դարձա դարպասապահ, սկսեցի հաջող հանդես գալ, սկսեց ինձ ավելի շատ դուր գալ այդ պահը, որ պաշտպանում եմ թիմիս»:

Նորամուտը ազգային հավաքականում նշեց նաև 22-ամյա Ալիկ Առաքելյանը։ «Ազատությանն» ասաց, որ կայուն ելույթներ ունենալու դեպքում հույս ունի, որ կրկին հաջողությունների կհասնի. - «Շատ հաճելի էր, որ հրավեր ստացա: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի նպատակ, երազանքն է, որպեսզի խաղա ազգային հավաքականում: Պետք է կայուն ելույթներ ունենամ, որպեսզի շարունակական լինի այդ ամեն ինչը»։