Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի նախագահի հրամանագրի ստորագրումից հետո:

«ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի հնարավորություն չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,- նաև պարզաբանել է Փաշինյանը:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ Սեֆիլյանը տարիներ շարունակ դիմում էր իշխանություններին քաղաքացիություն ստանալու համար և մերժում ստանում: Մոտ երկու շաբաթ առաջ նա «Ազատությանն» ասել էր, որ արտահերթ ընտրություններին չի մասնակցում ՀՀ քաղաքացիություն չունենալու պատճառով: