ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները եզրահանգել են, որ Հաշոգին սպանվել է թագաժառանգի հրահանգով. մամուլ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման, արխիվ

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները եզրակացրել են, որ Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգջի) սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը: Այս մասին նոյեմբերի 17-ին նախ գրել է The Washington Post-ը, հետո` այլ լրատվամիջոցներ, այդ թվում` Associated Press-ն ու Reuters-ը:

The Washington Post-ը, հղում անելով հարցին տեղյակ մարդկանց, գրել է, թե ամերիկյան հետախուզական ծառայությունների նման եզրակացությունը մասամբ հենվում է նաև Մուհամեդ բին Սալմանի եղբոր՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Խալեդ բին Սալմանի հեռախոսազանգի վրա: Ըստ հրապարակումների՝ իր եղբոր ցուցումով նա զանգահարել է Հաշոգիին և երաշխավորել, որ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում նրան վտանգ չի սպառնա: Խալեդ բին Սալմանը այսօր հերքել է այդ լուրերը, ասելով, թե նման զանգ չի եղել, իսկ Հաշոգիի հետ շփվել է մեկ տարի առաջ:

Ամերիկյան հետախուզական ծառայությունները ուսումնասիրել են նաև հյուպատոսության շենքի ներսի ձայնագրությունները, որ նրանց է տրամադրել թուրքական կողմը:

Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող լրագրող Ջամալ Հաշոգին հոկտեմբերի 2-ին սպանվել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Մինչև հիմա նրա մարմինը հայտնաբերված չէ: