Քիմիական լաբորատորիայի շենքերը վարձակալության տալու որոշման նախագիծը մտահոգել է աշխատակիցներին

«Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի» երկու մասնաշենքերն ամբողջությամբ երկարաժամկետ՝ 50 տարով «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» ընկերությանը վարձակալության տալու կառավարության որոշման նախագիծը մտահոգել է կենտրոնի աշխատակիցներին և տնօրեն Վիգեն Թոփուզյանին։

«Երկու մասնաշենքերում աշխատում են 33 գիտնականներ, նրանց տեղափոխելը պրակտիկորեն անհնար է, որովհետև քիմիական լաբորատորիան խիստ տարբերվում է իր պահանջներով կենսաբանական լաբորատորիաներից և արտադրական տարածքներից։ Դուք չեք կարող քիմիկոսին հենց էնպես վերցնել ու տեղափոխել ինչ-որ մի տեղ։ Լաբորատորիան պահանջներ է դնում, էդ պահանջները բավարարելու համար մեծ ծախսեր են պետք, որտեղի՞ց ես գտնեմ այդ ծախսերը, որ էս մարդկանց փողոց չհանեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թոփուզյանը։

Դեղորայք արտադրող «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ»-ը մասնաշենքերից մեկի առաջին հարկը դեռևս 2014 թվականին է վարձակալել։ Ընկերությունը կառավարությանը ծրագիր է ներկայացրել, ըստ որի, պատրաստվում է 10 տարվա ընթացքում ներդնել 20 միլիոն եվրո գումար և ստեղծել 75 աշխատատեղ: Այժմ ընկերությունը տարածքի ընդլայնման խնդիր ունի։

Օրգանական քիմիայի կենտրոնի տնօրենն ասում է՝ կան այլ տարածքներ, որոնք դատարկ են և կարող են ծառայել այդ ընկերությանը։ «Ես ներդրմանը դեմ չեմ, ներդրման գործընթացը մեզ շատ է պետք», - ասաց Թոփուզյանը։

Վերջինս մտավախություն ունի նաև, որ այդ տարածքներն ի վերջո կսեփականաշնորհվեն, իսկ իրենք ստիպված կլինեն այդ երկու մասնաշենքերում աշխատողներին կրճատել:

Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասում է՝ սեփականաշնորհելու, ինչպես նաև աշխատակիցների կրճատման խնդիր չկա։ Կա արդյունավետության բացակայության խնդիր. մասնաշենքերում աշխատողների արտադրանքը տեսանելի չէ։

«Դիմել են երկու մասնաշենքը վարձակալության, ի սկզբանե նաև գնելու ցանկությամբ, բայց մենք չենք համաձայնվել։ Երբ որ մտնում ենք այս երկու լաբորատորիաները՝ հիմնականում դատարկ, կիսադատարկ և հայտնի չի, թե ինչ արդյունք է ստեղծվում։ Իրենք ասում են, որ մեծ թվով հոդվածներ են տպվում, ես կարծում եմ, որ եթե ֆունդամենտալ գիտությունից բացի պրակտիկ գիտությունը նաև արդյունք ստեղծեր, ապա համապատասխան ներդրողներ կգտնվեին և իրենց ստեղծածի հետ կապված արտադրություն կստեղծվեր և ավելի կզարգանար։ Բայց քանի որ դա չկա, միգուցե սա հիմք է տալիս ենթադրելու, որ այնուամենայնիվ էֆեկտիվության խնդիր կա», - ասաց Բաբայանը՝ շարունակելով. - «Ծրագիրն իրենից ենթադրում է մեծ ծավալի դեղագործական նյութերի արտահանում՝ մոտ 10 մլն դոլարի տարեկան, և ինքն իր հետ շղթայաբար բերելու է այլ զարգացումների՝ գիտնականների պահանջարկի ավելացում, ավելի բարձր աշխատավարձով գիտնականների աշխատատեղերի ստեղծում»։

Մինչդեռ քիմիական լաբորատորիայի թիվ 1 և թիվ 2 մասնաշենքերի աշխատակիցները հակադարձում են. - «Երբ որ ասում են գործ չեք անում, արտադրություն ենք տալիս, որոնք դուրս էլ են արտահանվում»։

«ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ»-ի տնօրեն Տիգրան Հախվերդյանը նշում է՝ տարածքներն ընդլայնելով հնարավորություն ունեն իրականացնելու ներդրումային մեծ ծրագիր, որը կնպաստի ոլորտի զարգացմանը։

«Չի կարող Հայաստանում էս չափերի գիտահետազոտական ինստիտուտն առանց ակտիվ ման գալու՝ միայն պետության վրա հույս դնելով ունենա ֆինանսավորում։ Էս հսկայական տարածքը պահել է պետք, իսկ պահելու համար մենք ընդամենը առաջարկում ենք ֆինանսավորման աղբյուր», - ասաց Հախվերդյանը։

Հարցին, թե արդյո՞ք պատրաստ են այդ երկու խնդրահարույց մասնաշենքերի փոխարեն այլ տարածքներ վարձակալել, «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ»-ի տնօրենը պատասխանեց. - «Մասնաշենքի 3-րդ հարկում արդեն աշխատում ենք հինգ տարի, հիմա ո՞նց եք պատկերացնում տեղափոխվենք այլ մասնաշենք»։

Պետական գույքի կառավարման կոմիտեի մշակած «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» կառավարության որոշման նախագիծը դեռևս քննարկումների փուլում է։