Ստամբուլի գլխավոր դատախազ Իրֆան Ֆիդանը նոր մղձավանջային մանրամասներ է հայտնել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին:
Ֆիդանը հոկտեմբերի 30-ին Ստամբուլում հանդիպել է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մոջեբի հետ և ավելի քան մեկ ժամ տևած զրույցից հետո մամուլին հայտնել է, որ առանձնապես նոր բան չի լսել պաշտոնակցից: Եվ ահա երեկ երեկոյան Ֆիդանը հրապարակել է նոր տվյալներ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանցագործության մասին:
Պարզվում է, երբ Խաշոգջին մտել է հյուպատոսարանի շենք՝ մարդասպաններն անմիջապես հարձակվել են նրա վրա և տեղում խեղդամահ են արել, ապա, ըստ Ստամբուլի գլխավոր դատախազի, նրանք Խաշոգջիի դին մասնատել և ոչնչացրել են:
Խաշոգջին մտել է հյուպատոսարան իր ամուսնալուծության վավերացված տեղեկանքը ստանալու նպատակով, դա պետք էր թուրք հարսնացու Հաթիջե Ջենգիզի հետ նոր ամուսնությունը գրանցելու համար:
Սաուդցիները նախ պնդել են, թե Խաշոգջին, իբր, լքել է հյուպատոսարանի տարածքը, ասել են, թե բացարձակ ոչ մի տեղեկություն չունեն նրա մասին, օրեր անց ընդունել են, որ Խաշոգջին մահացել է հյուպատոսարանում ծագած վեճի ու ծեծկրտուքի ժամանակ, և վերջապես, ստիպված խոստովանել են, որ տեղի է ունեցել միտումնավոոր և ծրագրված սպանություն, հավաստիացնելով, որ կբացահայտեն մեղավորներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկու հստակ պահանջ է ներկայացրել Սաուդյան Արաբիային. հաղորդել, թե կոնկրետ որտեղ է դին կամ դրա մնացորդները և արտահանձնել կասկածյալներին: Ըստ թուրքերի, Խաշոգջիին սպանելու համար Սաուդյան Արաբիայից ժամանել է գործակալների հատուկ թիմ՝ 15 մարդ, այդ թվում քննիչներ, անվտանգության ծառայության աշխատակիցներ և նույնիսկ մի դատական բժիշկ:
Սաուդյան Արաբիան հայտնել է, որ գործով ձերբակալվել է 18 կասկածյալ և պաշտոնանկ են արվել անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցներ:
Սաուդցիները մերժում են կասկածյալներին արտահանձնելու՝ Անկարայի պահանջը և պնդում են, որ նրանց դատավարությունը կարող է տեղի ունենալ միայն Սաուդյան Արաբիայում:
Խաշոգջին հայտնի էր որպես սաուդական թագավորության խիստ քննադատ, և թուրքերը ենթադրում են, որ նրա սպանությունը պատվիրել են հենց արքունիքից:
Թագավոր Սալմանը և երկրի փաստացի ղեկավար, թագաժառանգ Մուհամադ բին Սալմանը կտրականապես հերքել են մեղադրանքը, դատապարտել են սպանությունը, ցավակցություն են հայտնել Խաշոգջիի ընտանիքին և խոստացել են, որ մեղավորները խստորեն կպատժվեն:
Էր-Ռիադը նկատել է տալիս, թե Խաշոգջիի սպանությունն, իբր, կազմակերպել է թագավորի ու թագաժառանգի հետ կապերը խզած և քաղաքական ազդեցության առումով լուսանցքում հայտնված ինչ-որ փոքր խմբավորում:
Եվ, այնուամենայնիվ, նավթով գերհարուստ Սաուդյան Արաբիայի զարգացումներին ու մասնավորապես այս հանցագործության հետաքննությանը հետևող վերլուծաբանների կարծիքով, արաբական աշխարհում ու ամբողջ Արևմուտքում այդքան հայտնի լրագրողին չէին կարող սպանել առանց ամենաբարձրաստիճան ղեկավարների գիտության և առնվազն լռելյայն համաձայնության:
Այս աղաղակող դեպքը լարվածություն է առաջացրել Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հարաբերություններում:
Ամերիկայում թե՛ հանրապետականները և թե՛ դեմոկրատները պահանջում են վերանայել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ:
Նախագահ Դոնալդ Թրամփին այս օրերին հաճախ են կշտամբում Խաշոգջիի սպանության սաուդյան վարկածի վերաբերյալ թագավորի ու թագաժառանգի հավաստիացումներն ընդունելու համար և հարց են տալիս.- «Արդյոք նոր սահմռկեցուցիչ մանրամասներից հետո չի՞ կարելի ասել, որ Էր-Ռիադը, փաստորեն, խաբել է ու դավաճանել է Վաշինգտոնին»:
«Ոչ, նրանք ինձ չեն դավաճանել: Գուցե սաուդցիներն իրենք իրենց են դավաճանել, մենք ունենք շատ փաստեր, որ դեռ պետք է վերլուծենք, տեսնենք, ինչ կլինի», - երեկ Վաշինգտոնում ասել է Թրամփը: