ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մտադիր է արձակել վարչական հրամանագիր, որով չեղարկվելու է քաղաքացի չհանդիսացող մարդկանց երեխաներին, ինչպես նաև ԱՄՆ տարածքում ապօրինի բնակվողների ընտանիքներում ծնված երեխաներին ամերիկյան քաղաքացիություն շնորհելու Սահմանադրական իրավունքը:
Ամերիկյան Սահմանադրության 14-րդ լրամշակումն ամերիկյան քաղաքացիության իրավունք է տալիս ԱՄՆ տարածքում ծնված ցանկացած երեխայի:
HBO հեռուստակայանի Axios հաղորդաշարի թղթակցին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ մոտ ապագայում կստորագրի այդ հրամանագիրը:
«Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մարդը կարող է գալ, երեխա ունենալ, և այդ երեխան կստանա քաղաքացիություն ու դրա հետ կապված բոլոր առավելությունները», - ասել է Թրամփը և ավելացրել. - «Դա ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի է, դրան պետք է վերջ տալ»:
Մեկնաբանելով այն հարցը, թե որքանով նման հրամանագիրը կհամապատասխանի օրենքին, նախագահն ասել է, թե կա կարծիք, որ դա կարելի է անել վարչական հրամանագրի միջոցով:
Իրավունքի հարցերով մասնագետները նշում են, որ եթե Թրամփն արձակի նման հրամանագիր, երկրում կհարուցվեն դատական բազում գործեր այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նախագահն ունի հրամանագրով սահմանադրական լրամշակում վերանայելու իրավունք:
ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ թեժացել է հանրային բանավեճը ներգաղթի քաղաքականությունը կտրուկ խստացնելու հարցի շուրջ: