Daily Express. Բրիտանական հատուկ ծառայությունները տեղյակ էին Հաշոգիի ծրագրվող առևանգման մասին

Արտապատկերում տեսանյութից, որում արձանագրված է Ջամալ Հաշոգիի մուտքը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, 2-ը հոկտեմբերի, 2018թ․

«Բրիտանական հետախուզությունը տեղյակ էր սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի առևանգման ծրագրի մասին». - այս մասին գրել է Daily Express թերթը` նշելով, որ պաշտոնական Լոնդոնին չի հաջողվել կանխել սաուդյան հատուկ ծառայությունների այդ գործողությունը:

Հաշոգիի մերձավորներից մեկը թերթին փոխանցել է, որ լրագրողը պատրաստվում էր Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում քիմիական զենքի կիրառման մասին վկայող տեղեկություններ հրապարակել:

Բրիտանական իշխանությունները առայժմ չեն հստակեցնում՝ արդյոք Հաշոգիի սպանությանը առնչություն ունի՞ թագաժառանգ Մոհամադ բին Սալմանը: Բրիտանական հետախուզությունը պնդում է, այնուհանդերձ, որ Հաշոգիի դեմ գործողությունը արտոնվել է Սաուդյան Արաբիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների կողմից:

Հայտնի լրագրողը անհետացել էր հոկտեմբերի 2-ից՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո: Ավելի քան կես ամիս անց միայն Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատեցին, որ Հաշոգին սպանվել է: