ՄԱԿ-ում հրթիռների հարցը քննարկելու Մոսկվայի առաջարկը մերժվել է

1987 թվականի պայմանագրով արգելված հրթիռները:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի խնդիրը ներառելու Ռուսաստանի փորձը ձախողվել է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթասկզբին ասել է, որ Վաշինգթոնը դուրս է գալու 1987 թվականին կնքված պայմանագրից: Ըստ ամերիկյան կողմի, Ռուսաստանը խախտում է դրա դրույթները, իսկ պայմանագրի մաս չկազմող Չինաստանն արդիական հրթիռներ է ստեղծում:

Ռուսաստանն առաջարկել է Գլխավոր ասամբլեայում քննարկել պայմանագրի հարցը, սակայն երեկ ՄԱԿ-ի զինաթափման հարցերով հանձնաժողովում առաջարկը 54 ձեռնպահ, 31 կողմ, 55 դեմ քվեների հարաբերակցությամբ մերժվել է:

Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Բելոուսովը հիասթափություն է հայտնել քվեարկության արդյունքների վերաբերյալ և ասել է, որ Ռուսաստանը կշարունակի այս հարցի շուրջ բանակցել մյուս երկրների հետ և կփորձի առաջարկը ներկայացնել Գլխավոր ասամբլեային՝ շրջանցելով զինաթափման հանձնաժողովը: