ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսն արաբական աշխարհի լիդերների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ չնայած Սիրիայում ռազմական միջամտությանը՝ Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում կատարել Միացյալ Նահանգների առաքելությունը:
«Ռուսաստանը Մերձավոր Արևելքում չի փոխարինի Ամերիկայի երկարատև, կայուն և թափանցիկ ներկայությունը»,- Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ասել է Պենտագոնի ղեկավարը:
Մաթիսը Մանամայում ասել է, որ աչք փակելով Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադի՝ սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների վրա, Մոսկվան ապացուցում է, որ չունի հարգանք բարոյական սկզբունքների նկատմամբ:
Իր ելույթում Մաթիսը խոսել է նաև սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մասին, ասելով, որ նման միջադեպերը վտանգում են տարածաշրջանի կայունությունը:
Պենտագոնի ղեկավարի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները լրացուցիչ միջոցներ կձեռնարկի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: