Հրթիռների հարցում ԱՄՆ որոշումը հասցեագրված է նաև Չինաստանին

Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրով արգելված զինատեսակները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից դուրս գալու որոշումը թելադրվում է ոչ միայն Ռուսաստանի կողմից պայմանագրի դրույթները խախտելով, այլև Չինաստանի հետզհետե աճող միջուկային սպառնալիքով:

Թրամփը երեկ ասել է, թե իր որոշումն ուղերձ է բոլոր այն երկրներին, որոնք կփորձեն սպառնալ Ամերիկային:

«Որոշումս հասցեագրված է և՛ Ռուսաստանին, և՛ Չինաստանին, և՛ ցանկացած այլ ուժի, որը կհամարձակվի մեզ հետ այդ խաղը խաղալ», - ասել է Թրամփը:

Նա նշել է, որ Չինաստանը երբեք չի եղել միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման 1987 թվականի պայմանագրի կողմ, սակայն հիմա պետք է ներառվի պայմանագրում:

Երեկվանից Մոսկվայում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ի շարս այլ հարցերի քննարկել է նաև պայմանագրի խնդիրը:

Բոլթոնն այսօր բանակցել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այսօր Բոլթոնին Կրեմլում կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մոսկվան երեկ հայտարարել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը վտանգավոր իրավիճակ կստեղծի և Ռուսաստանին կստիպի ձեռնարկել պատասխան միջոցներ:

Պեկինը նույնպես դատապարտել է միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից դուրս գալու և այդ հարցով բանակցություններում Չինաստանի մասնակցությունն ակնկալելու Թրամփի նախաձեռնությունը և խորհուրդ է տվել Վաշինգտոնին «երկու անգամ մտածել որոշում կայացնելուց առաջ»: