«Էրդողանը բռնապետ է». բողոքի ակցիաներ Մոլդովայում՝ Էրդողանի այցի կապակցությամբ

Բողոքի ցույց Մոլդովայում՝ Էրդողանի այցի ժամանակ, 17Օցտ, 2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջին պաշտոնական այցը Մոլդովա ուղեկցվում է բողոքի ակցիաներով:

Նախօրեին մինչ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դիմավորում էր իր թուրք պաշտոնակցին, մայրաքաղաք Քիշնևում՝ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության մոտ տասնյակ ցուցարարներ Թուրքիայի առաջնորդի դեմ պաստառներ էին պարզել՝ վանկարկելով՝ «Էրդողանը բռնապետ է»:

Բողոքի այս ակցիաները տեղի են ունենում Մոլդովաբնակ թուրք ուսուցիչների արտահանձնման շուրջ ծագած սկանդալի ֆոնին։

Անկարայի պահանջով՝ մոլդովական իրավապահները ձերբակալել և Թուրքիայի իշխանություններին են արտահանձնել յոթ ուսուցիչների, ովքեր դասավանդում էին այդ երկրում գործող թուրքական դպրոցներում, որոնք կապվում են Էրդողանի ընդդիմախոս Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ:

Թուրքիայի իշխանությունները հենց նրան են համարում 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ։

Էրդողանը Մոլդովա է ժամանել երկօրյա այցով՝ թուրք-մոլդովական կապերը սերտացնելու նպատակով: Այցի հենց առաջին օրը նա հայտարարել է, որ թուրքական երկու պետական բանկերն իրենց մասնաճյուղերը կբացեն Մոլդովայում, կստորագրվեն տնտեսական կապերը զարգացնելու մասին մի շարք այլ փաստաթղթեր։

Մոլդովայի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում ակտիվություն է նկատվում։ Ըստ կողմերի, երկկողմ համագործակցության տեմպերն աճում են:

Մոլդովայի իշխանությունները բարձր են գնահատում ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը, որը Թուրքիան հատկացնում է TIKA-ի՝ «Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալության» միջոցով:

Թուրքիայի կառավարության կողմից ավելի քան երկու տասնամյակ առաջ ստեղծված այս կառույցը մարդասիրական ծրագրեր է իրականացում բազմաթիվ երկրներում:

Ի դեպ, Իգոր Դոդոնը Ռեջեփ Էրդողանին ընդունել է նախագահական նստավայրում, որը վերանորոգվել է հենց այդ կազմակերպության նյութական միջոցների շնորհիվ:

2009 թվականին մոլդովացի ցուցարարների անկարգությունների հետևանքով ավերված նախագահական նստավայրը վերանորոգելու համար Անկարան շուրջ 10 միլիոն դոլար է հատկացրել մոլդովական կառավարությանը: