ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը «հավանաբար» առնչություն ունի սպանությունների և թունավորումների հետ։ Այդ մասին Թրամփը հայտարարել է CBS հեռուստաընկերության հետ զրույցում:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Թրամփը համաձայն է, որ Պուտինն առնչություն ունի սպանությունների և թունավորումների հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. - «Այո, հավանաբար ունի: Հավանաբար»: Թրամփը նաև հնարավոր է համարել Ռուսաստանի և Չինաստանի միջամտությունը ԱՄՆ-ի ընտրություններին՝ նկատելով, որ Պեկինի ազդեցությունն «ավելի լուրջ խնդիր է»:
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը ծիծաղելի է համարել ենթադրություններն այն մասին, թե ինքը կարող էր Ռուսաստանին խնդրել օգնել իրեն հաղթելու նախագահական ընտրություններում:
Օգոստոսին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ ի պատասխան Սկրիպալների թունավորման:
Նոյեմբերին ակնկալվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլը, քանի որ Մոսկվան հրաժարվել է երաշխավորել քիմիական զենքի չկիրառումը՝ թույլ չտալով նաև միջազգային դիտորդների մուտքն իր լաբորատորիաներ։