Ռոբերտ Քոչարյանը քննադատում է նոր իշխանությունների «հեղափոխական ռոմանտիզմը»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցի ժամանակ, արխիվ

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Bloomberg լրատվական գործակալությանը տված հարցազրույցում քննադատել է երկրի նոր իշխանությունների «հեղափոխական ռոմանտիզմը», բայց միևնույն ժամանակ ասել, որ այս պահին իր առջև նպատակ չի դրել բարձր պաշտոնի վերադառնալ:

«Ես նկատում եմ նոր կառավարության թերությունները, դրանք ռացիոնալ քննադատության կարիք ունեն», - ասել է 64-ամյա Քոչարյանը այս երեքշաբթի Երևանում տված հարցազրույցում, որն այսօր է հրապարակվել:

«Մարտի 1»-ի գործի շրջանակում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահը, սակայն, չի ասել, թե ինչը կփոխեր ինքը:

Bloomberg-ի հոդվածագիրները գրում են՝ ժողովրդավարական թավշյա հեղափոխությունից հինգ ամիս անց Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Հայաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն՝ մարտահրավեր նետելով նոր կառավարությանը, ընդգծելով՝ Քոչարյանին հնարավոր ազատազրկում է սպառնում՝ տասը տարի առաջ իր նախագահության ավարտին հետընտրական բախումներում տասը ցուցարարի մահվան համար:

«Փաշինյանը, ով այս շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում աշխարհի տարբեր երկրների առաջնորդների էր հյուրընկալել, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, շարունակում է մեծ հեղինակություն վայելել հայաստանցիների շրջանում, որոնց զայրույթն էր շարժել նախորդ ռեժիմի համակարգային կոռուպցիան և անօրինականությունները, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ աղքատության էին մատնվել», - նաև գրում է Bloomberg-ը: