ՀՀԿ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»

ՀՀԿ խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ կառավարության հիմնավորումները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: Այդ մասին ասված է խմբակցության այսօրվա հայտարարությունում, որը այսօր հրապարակել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) լրատվական ծառայությունը:

«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է», - ասված է հաղորդագրությունում:

Խմբակցությունն ընդգծում է, որ իրենց պատկերացմամբ՝ «արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձևավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, դեսպանությունների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողովի հետ»:

«Բացի այդ, նշված ժամանակահատվածում հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել միջազգային կառույցների հետ՝ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցների ձեռքբերման համար», - ասված է հայտարարությունում:

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բոլոր քաղաքական ուժերի հետ մայիս-հունիս ամիսներին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ միասնական հայտարարությամբ հանդես գալու համար: Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: Մեր արտահայտած այս մոտեցումների նպատակը մեկն է` ապահովել ժողովրդավարական սկզբունքներով նոր խորհրդարանի ձևավորումը», - հայտարարում է Հանրապետական խմբակցությունը: