Ուկրաինայի երրորդ նախագահ Յուշչենկոն կարող է Դոնբասի հարցով հատուկ բանագնաց նշանակվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հանդիպումը Մինսկում, 8-ը հոկտեմբերի, 2018թ․

Չի բացառվում, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն նշանակվի Դոնբասի հարցով Կիևի գլխավոր բանագնաց` դառնալով Արևելյան Ուկրաինայում 2014-ին ծագած հակամարտությամբ զբաղվող Մինսկի եռակողմ խմբի անդամներից մեկը: Այս մասին վերջին երկու օրերին ակտիվորեն գրում են ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Առաջինը բանակցային գործընթացում Յուշչենկոյի հնարավոր ներգրավման մասին հայտարարեց Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը: «Կան մարդիկ, որոնք մեծ դիվանագիտական փորձ ունեն` նախկին արտգործնախարարներ, վարչապետեր, երիտասարդ պաշտոնաթող նախագահներ, իսկ իմ և Լեոնիդ Կուչմայի համեմատ ավելի երիտասարդ [նախկին նախագահ] էլ կա` Վիկտոր Յուշչենկոն», - Ուկրաինայի առաջին նախագահի խոսքերն է մեջբերում TACC գործակալությունը:

Կարծես հաստատելով իր նշանակման մասին շրջանառվող տեղեկությունները` Վիկտոր Յուշչենկոն շաբաթասկզբին ժամանեց Մինսկ, որտեղ բավական ջերմ հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Մոսկովյան «Կոմերսանտ»-ի գնահատմամբ՝ Լուկաշենկոն, որպես բանակցությունների ձևաչափը հյուրընկալող կողմ, այս հանդիպմամբ ցանկացել է հստակ կարծիք կազմել Յուշչենկոյի բանակցային կարողությունների և տեսակետների մասին: Ուկրաինայի նախկին նախագահի հետ հանդիպման ողջ ընթացքում Բելառուսի ղեկավարը հիշեցնում էր` Յուշչենկոյի նախագահության տարիներին ևս բազմաթիվ խնդիրներ կային, սակայն գործը պատերազմի չէր հասնում:

«Ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ: Երբ համեմատում ես ներկա իրավիճակի հետ ոչ միայն Բելառուսի և Ուկրաինայի հարաբերությունների, այլև ողջ հետխորհրդային տարածքում տիրող կացությունը, ապա հստակ է, որ [նախկինում] մենք կարողանում էինք ընդհանուր հայտարարի գալ, ինչ-որ կերպ կառուցել մեր հարաբերությունները: Որքան էլ բարդ լիներ, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության հետ էինք ընդհանուր լեզու գտնում», - հայտարարում էր Լուկաշենկոն:

Ռուսաստանի հիշատակումը հատկապես Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպման ընթացքում պատահական չէր: Մոսկվայում Յուշչենկոն միշտ էլ ընկալվել է որպես հակառուսական տրամադրություններ ունեցող գործիչ: Այսօր էլ, ըստ «Կոմերսանտ»-ի, Ռուսաստանի դիվանագիտական շրջանակները կտրականապես դեմ են Յուշչենկոյի` Դոնբասի հարցով բանագնացի պաշտոնում նշանակմանը:

«Ուկրաինայի ամենահակառուս նախագահը կարող է ղեկավարել Մինսկում ներկայացված ուկրաինական պատվիրակությունը: Դա կարող է խնդիր դառնալ Ռուսաստանի համար: Յուշչենկոն, օրինակ, ռուսերեն խոսում է բացառապես թարգմանչի օգնությամբ», - «Կոմերսանտ»-ին է փոխանցել Արևելյան Ուկրաինային նվիրված բանակցություններին մոտ կանգնած ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը, որը, սակայն, չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:

Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով էլ՝ Մինսկը խիստ շահագրգիռ է Արևելյան Ուկրաինայում իրադրության վերջնական կարգավորմամբ, քանի որ այդ տարածաշրջանում առկա անկայունությունն զգացվում է նաև Բելառուսում:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը մեզ վրա շատ մեծ է: Հատկապես մեզ մտահոգում է զենքի հոսքը ուկրաինական սահմանով: Մենք բավական մեծ քանակով զինամթերք ենք առգրավում: Տարօրինակ է, ի դեպ, որ [ուկրաինական] այդ զենքի մի մասը գալիս է Ռուսաստանի տարածքով` Ուկրաինայից` Ռուսաստան [ապա՝ Բելառուս]: Ես այդ մասին նաև Ռուսաստանի նախագահին եմ ասել: Բայց, եթե ազնվորեն խոստովանենք, ամեն ինչ շատ ավելի վատ կարող էր լինել: Եթե անկեղծ լինենք, ապա ուկրաինացիների շրջանում բելառուսցիների հանդեպ նման չարացածություն չկա», - նշում էր Լուկաշենկոն: