Ղազախստանցի իրավապաշտպանին արգելել են մեկնել Եվրոպա

Ղազախստանցի իրավապաշտպան Ելենա Սեմյոնովա, արխիվ

Ղազախստանցի իրավապաշտպան Ելենա Սեմյոնովային արգելել են մեկնել Ստրասբուրգ, որտեղ նա մտադիր էր հանդիպել եվրոպացի օրենսդիրներին և քննարկել ղազախական բանտերում դատապարտյալների պայմանների հարցը:

Սեմյոնովան, մասնավորապես, պետք է հանդիպեր ԵԽԽՎ նախագահի և պատգամավորների հետ, սակայն երեկ նրան արգելել են բարձրանալ Ալմաթիից Ստրասբուրգ ուղևորվող օդանավ:

Սեմյոնովային ասել են, թե նրա մեկնումն արգելվում է Կարագանդայում ընթացող հետաքննության կապակցությամբ:

Այս տարվա հուլիսին Սեմյոնովան «Ազատությանն» ասել է, թե Կարագանդայում իր նկատմամբ գործ են հարուցել «կեղծ տեղեկություններ տարածելու» մեղադրանքով:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սեմյոնովան Եվրոպական խորհրդարանում հրապարակել է զեկույց Ղազախստանում մեղադրյալների պահման հիմնարկներում և բանտերում առկա ծանր պայմանների մասին: