Ֆրանսիական Naval Group-ը կարող է Ադրբեջանի հետ համատեղ ռազմանավերի արտադրություն հիմնել

Ադրբեջան - Զորախաղեր Կասպից ծովում, օգոստոս, 2018թ․

Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համալիրի ամենաազդեցիկ և խոշոր ընկերություններից մեկը` Naval Group-ը, առաջիկայում կարող է Ադրբեջանի հետ համատեղ ռազմանավերի արտադրություն հիմնել: Այս մասին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Naval Group-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Դարշը:

«Ֆրանսիայի ռազմածովային ուժերը 2012 թվականին համալրվեցին OPV 90 մակնիշի բազմաֆունկցիոնալ պարեկային նավերով: Դրանցով այժմ հետաքրքրվել են նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերը: Ավելի քան երեք տարի առաջ մենք Բաքվից համապատասխան հայտ ստացանք և հարմարեցրինք ռազմանավը ադրբեջանական կողմի պահանջներին», - ասել է ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը` հավելելով․ - «Մենք առաջարկեցինք ադրբեջանական կողմին այս ռազմանավերը կառուցել Բաքվում` Ադրբեջան տեղափոխելով արտադրական ողջ ցիկլը»:

Դարշի խոսքով՝ համագործակցության այս տարբերակը Naval Group-ը արդեն իսկ կիրառել է Մալայզիայում և Եգիպտոսում: Նա հայտնել է, որ OPV 90 մակնիշի մեկ ռազմանավի շինարարությունը տևում է միջինը 38 ամիս: «Այժմ մենք սպասում ենք ադրբեջանական կողմի վերջնական պատասխանին», - նշել է ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը:

«Ադրբեջանական կողմի պահանջով ֆրանսիական ընկերությունը OPV 90 ռազմանավի վրա այլ ռազմանավերի դեմ պայքարի համար նախատեսված հրթիռներ է տեղադրել, առկա են նաև հակաօդային պաշտպանության համակարգեր և «էլեկտրոնային պատերազմի» դեմ պայքարի համար նախատեսված հատուկ սարքավորումներ», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Բացի այդ, OPV 90 ռազմանավի վրա հատուկ հարթակ գոյություն ունի, որի վրա կարող է մինչև 10 տոննա քաշով ուղղաթիռ վայրէջք կատարել, բուն ռազմանավի վրա էլ հատուկ անգար կա, որտեղ առնվազն մեկ՝ 5 տոննա քաշով ուղղաթիռ կարող է տեղակայվել:

«Սա նոր սերնդի ռազմանավ է` հագեցած բազմաթիվ արդիական նորամուծություններով: Այս նախագիծը Ադրբեջանական Հանրապետության հետ համագործակցության մեր առաջին փորձն է, և մենք հույս ունենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի», - «Թուրան»-ի հետ զրույցում ասել է Naval Group ընկերության ներկայացուցիչը:

Հուլիսին Փարիզ այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր Naval Group-ի ղեկավարության հետ` հարաբերությունները խորացնելու պայմանավորվածություն ձեռք բերելով: Naval Group ընկերության բաժնետոմսերի 62 տոկոսը պատկանում է ֆրանսիական պետությանը: