Շվեյցարիան մշտական բնակության իրավունք չի տրամադրել Աբրամովիչին

Ռոման Աբրամովիչ, արխիվ

Շվեյցարիայի իշխանությունները մերժել են մշտական բնակության իրավունք տրամադրել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին՝ մտահոգություն հայտնելով, թե նրա ներկայությունը կարող է հարված հասցնել երկրի հեղինակությանը, պնդում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ այդ հրապարակումների, հայտնի գործարարը Շվեյցարիայի իշխանություններին դիմում է ներկայացրել անցած տարեվերջին, ինչից հետո միգրացիոն ծառայությունները հարցում են ուղարկել ոստիկանություն՝ իրավապահների դիրքորոշումը պարզելու:

Ի պատասխան՝ դաշնային ոստիկանությունը նշել է, որ Աբրամովիչի հարցում «փողերի հնարավոր լվացման և քրեական կառույցների հետ շփումների կասկածներ կան», և որ նրա շվեյցարական ակտիվների մի մասը կարող է «ոչ օրինական ծագում ունենալ»:

Աբրամովիչի փաստաբանները հերյուրանք են որակել այս պնդումները և հայտարարել, թե պատրաստվում են դիմել դատարան: