Վրաստանի բանակի հայ ու ադրբեջանցի նորակոչիկները միասին վրացերեն կսովորեն

Վրաստանի զինված ուժերի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Վրացական բանակ զորակոչված հայերն ու ադրբեջանցիները միասին վրացերեն կսովորեն: Ազգային փոքրամասնությունները ներկայացնող նորակոչիկների համար նախատեսված լեզվական դասընթացները մեկնարկեցին երեկ` Շիդա Քարթլի մարզում տեղակայված Առաջին հետևակային բրիգադի «Օսիաուրի» դաշտային բազայում:

Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վրացերեն լեզվի դասընթացները կշարունակվեն 7 շաբաթ, և դրանց կմասնակցի 82 ադրբեջանցի ու 42 հայ նորակոչիկ: Նրանց մի մասը, ի դեպ, դատելով Վրաստանի ռազմական գերատեսչության տարածած տեսանյութից, արդեն իսկ տիրապետում է խոսակցական լեզվին:

«Մենք ծառայում ենք Վրաստանին, մենք Վրաստանի քաղաքացիներ ենք, ուստի վրացերենի իմացությունը մեր պարտքն է», - նշում էր նորակոչիկներից Վարազդատ Մկրտչյանը:

Դասընթացների ժամանակ նորակոչիկներին կծանոթացնեն վրացական քերականության և խոսակցական լեզվի հիմքերին, նրանք կսովորեն նաև վրացերենով պաշտոնական նամակներ և դիմումներ կազմել:

Հայ և ադրբեջանցի նորակոչիկների հետ դասընթացներն անցկացնում են Թբիլիսիում գործող Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի դասախոսները: Նրանց խոսքով՝ դասընթացի ավարտին բոլոր զինծառայողները հատուկ վկայական կստանան:

«Մենք մեծ հաճույքով ենք ներգրավվել այս գործընթացում: Այսօր դասընթացը մեկնարկել է «Օսիաուրի» ռազմակայանում: Զինծառայողներին մենք դասավանդում ենք վրացական քերականության հիմքերը», - նշում է վրացերենի ուսուցիչներից Քեթևան Մախարաշվիլին:

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալներով՝ երկրի շուրջ 3 միլիոն 700 հազար բնակիչներից կես միլիոնը ազգային փոքրասմանությունների ներկայացուցիչներ են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանցից 223 հազարը ադրբեջանցիներ են և շուրջ 170 հազարը` հայեր: