Տանզանիայում նավի խորտակման հետևանքով զոհվել է 196 մարդ

Փրկարարները ջրից դուրս են հանում խորտակված լաստանավի ուղևորներին, Տանզանիա, 21 սեպտեմբերի, 2018թ.

Տանզանիայում լաստանավի խորտակման արդյունքում զոհվածների թիվը հասել է 196-ի:

Աղետը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Վիկտորիա լճում, որտեղ 100 ուղևոր փոխադրելու համար նախատեսված լաստանավը ավելի քան 400 մարդ է տեղափոխել և նավամատույցին ընդամենը մի քանի մետր չհասնելով՝ շրջվել և ջրասույզ է եղել:

Գերբեռնված նավերը Տանզանիայում հաճախ են աղետների ենթարկվում: 1996 թվականին նմանօրինակ հանգամանքներում Վիկտորիա լճում ջրասույզ է եղել «Բուկոբա» նավը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ:

Երեկ Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել: Իշխանությունները կարգադրել են ձերբակալել խորտակված լաստանավը շահագործող ընկերության ղեկավարներին: