Հայաստանի և Արցախի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Եռաբլուր

Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջից

Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ասված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: