Ոստիկանությունն իր «լիազորությունները կարող է լիարժեք իրականացնել», եթե տեղեկությունների հրապարակման մեջ կան «հանցագործության հատկանիշներ»

Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումն իրավապահ մարմիններին զրկել է քրեաիրավական ներգործության միջոցներով մարդկանց պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը տեղեկատվական ոտնձգություններից պաշտպանելու հնարավորությունից։ Այդ մասին այսօր պարզաբանում է տարածել ոստիկանությունը։

Ոստիկանությունը նշում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում առանձին թեկնածուների հասցեին սոցիալական կայքերում հրապարակվող վիրավորական և զրպարտչական բնույթի մեկնաբանությունների ու հայտարարությունների վերաբերյալ թեկնածուներից մեկի հայտարարությունից հետո վարչապետն անմիջապես հանձնարարական է տվել՝ պարզել նման երևույթների առկայության փաստն ու հանգամանքները։

«Սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու և պատճառված ոչ նյութական վնասի համար իրավախախտին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վերապահված է մասնավոր անձին, ինչը կարող է իրականացվել դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու եղանակով», - ասված է պարզաբանման մեջ:

Ոստիկանությունը նշում է, որ տեղեկատվական հարձակումներից տուժած քաղաքացիների կողմից ոստիկանության հասցեին հաճախ են հնչեցվում քննադատություններ, անգործության մեջ մեղադրանքներ:

«Պարզաբանում ենք, որ ոստիկանությունը որպես քրեական հետապնդման մարմին, իր լիազորությունները կարող է լիարժեք իրականացնել միայն այն դեպքերում, երբ տեղեկությունների հրապարակումը կամ տարածումն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ: Օրինակ՝ հրապարակումը իրենից ներկայացնում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել, կամ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ են համացանցում տարածվել և այլն: Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ ավագանու թեկնածուներից որևէ մեկի կյանքին, առողջությանը ոտնձգելու կամ գույք ոչնչացնելու սպառանալիքներ են տարածվել: Նման եզրահանգման ոստիկանությունը եկել է սեփական նախաձեռնությամբ՝ ավագանու թեկնածուների վերաբերյալ հրապարակված մեկնաբանությունները գնահատելով», - ասված է հայտարարությունում։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ առանձին օգտատերերի կողմից սոցկայքերի իրենց անձնական էջերում տարածված՝ սուբյեկտիվ գնահատմամբ հանցագործության մասին հաղորդումները չեն հանդիսանում քրեական գործ հարուցելու օրինական առիթներ: Քրեական հետապնդման մարմինները պարտավորություն չունեն բոլոր այդ հրապարակումներին սեփական նախաձեռնությամբ իրավական գնահատական տալու, բացառությամբ այն դեպքերի, երբ տեսադաշտում կհայտնվեն առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներ:

«Քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ եթե հրապարակումը տարածում չի գտել զանգվածային լրատվության միջոցներում, այդ թվում՝ էլեկտրոնային, ապա սեփական իրավունքների քրեաիրավական պաշտպանության համար արդյունավետ միջոց է հանդիսանում իրավապահ մարմնին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, որը հնարավոր է ինչպես ոստիկանությանը դիմում հասցեագրելով, անձամբ ներկայացնելով, այնպես էլ dimum@police.am և press@police.am հասցեներին էլեկտրոնային նամակ ուղարկելով (մանրամասները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշմամբ)», - հայտնում է ոստիկանությունը՝ շարունակելով. - «Ոստիկանությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանմամբ և ցանկացած քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև օրինական շահերը պաշտպանելու է անկախ քաղաքացու քաղաքական կամ այլ հայացքներից: Խնդրում ենք միայն օրենքով ձեզ վերապահված հնարավորություններից օգտվել գրագետ և ժամանակին, ինչն արդյունավետ իրավական պաշտպանության առանցքային երաշխիքներից է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ: Ընդ որում, ըստ Տոնոյանի, դրան մասնակից են նաև նախարարությունների աշխատակիցներ և մոտ 1000 կեղծ օգտատերեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խոստացավ «զբաղվել՝ տեսնել էդ ո՞վ է տեռոր անում թեկնածուին»։