Նաիրա Զոհրաբյան․ Ես իմ շանսերը գնահատում են շատ բարձր

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը այսօր քարոզարշավի շրջանակում Աջափնյակ համայնքում անցկացված հանրահավաքից հետ պատասխանեց «Ազատության» հարցերին:

Հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը, Զոհրաբյանը պատասխանեց․ - «Ես իմ շանսերը գնահատում եմ շատ բարձր, մնացածը կորոշի ժողովուրդը»:

Իր հայտարարության կապակցությամբ, թե ողջ պետական ապարատը իրենց դեմ է աշխատում, Զոհրաբյանն ասաց․ - «Եթե նախարարությունների աշխատակիցները իրենց աշխատանքային ժամերին, ի դեպ, ամբողջ փաստագրված է, ամբողջը հավաքագրված է, ամբողջ փաթեթը ներկայացված է այս օրերին Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Ամբողջ փաթեթը էս ագրեսիայի, էս հայհոյաքների, մտքի և խոսքի տեռորի․․․ կոնկրետ անձերով, ովքեր աշխատում են պետական համակարգերու: Ներկայացված է եվրոպական բոլոր կառույցներ: Որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, որպես ԵԽԽՎ պատգամավոր, խոստանում եմ՝ իրենց համար շատ թեժ է լինելու»:

«Բարգավաճ Հայաստանը» որևէ ահազանգ չի ստացել ընտրախախտումների վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, երկու բան այս ընտրություններում հույս ունեմ չի կիրառվելու՝ վարչական ռեսուրս, և վստահաբար կարող եմ ասել՝ ընտրակաշառք չկա: Բայց մի շատ վատ բան կա, որը շարունակում է ՀՀՇ և Հանրապետականների ավելի կատարելագործված, այլանդակ ավանդույթը՝ դա մարդու մտքի, խոսքի հանդեպ այս տեռորն է, որի համար, խոստանում եմ, բոլորը տալու են պատասխան օրենքի առաջ», - հավելեց կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Զոհրաբյանը:

Հարցին, թե արդյոք չընտրվելու դեպքում կհամագործակցեն քաղաքային նոր իշխանությունների հետ իրենց ներկայացրած ծրագրերն իրականացնելու ուղղությամբ, Նաիրի Զոհրաբյանը պատասխանեց․ - «Եթե ընտրությունները եղան ազատ և արդար, ես առաջինը կշնորհավորեմ հաղթող թեկնածուին և կհորդորեմ ներդրողներին այդ ծրագրերը անել Հայաստանում: Բայց մենք չենք կարող ներդրողներին պարտադրել, որովհետև ներդրողների համար շատ կարևոր է նաև քաղաքական ուժի հանդեպ վստահությունը: Իրենք այդ ծրագրերը բերել են՝ վստահելով բացառապես «Բարգավաճ Հայաստանին» և առաջին հերթին Գագիկ Ծառուկյանին: Մենք չենք կարող նրանց վրա բռնանալ»:

Իսկ հարցին, թե արդյո՞ք կոնկրետ մեկին նկատի ուներ, երբ իր այսօրվա ելույթում ասաց, թե Երևանը «կլոունադաների տեղ չէ», Զոհրաբյանն արձագանքեց․ - «Ես նկատի ունեմ բոլոր էն գործիչներին, ովքեր Երևանը փորձում են բաժանել սև-սպիտակի, ովքեր փորձում են ասել՝ մեր դեմ խաղ չկա, ովքեր փորձում են առաջնորդվել էն վատ մեսիջներով, որով ՀՀՇ-ն և Հանրապետականը երկիրը տարան կործանման․․․ Չի կարելի պատերազմ հայտարարել բոլոր քաղաքական ուժերին և չի կարելի այդքան չհարգել սեփական ժողովրդին»: