Վրաստանի ընդդիմությունը միավորվում է ընդդեմ Զուրաբիշվիլիի

Վրաստանի նախագահի թեկնածու, ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլի, Թբիլիսի, օգոստոս, 2018թ․

Նախագահական ընտրություններից մոտ մեկուկես ամիս առաջ վրացական ընդդիմությունը միավորվում է ընդդեմ երկրի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կիրակի օրը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց, որ քաղաքական այդ ուժը որոշել է առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում պաշտպանել որպես անկախ թեկնածու հանդես եկող Զուրաբիշվիլիի թեկնածությունը:

«Վրացական երազանք»-ը այսօր հստակեցրել է առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափը: Մեր քաղաքական ուժը, հավատարիմ մնալով այն խոստմանը, որ ընտրություններում թեկնածու չի առաջադրելու, որոշել է պաշտպանել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին», - Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի խոսնակը:

Վրացական ընդդիմությունը` նախևառաջ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող երկու քաղաքական ուժերը` «Ազգային միացյալ շարժումը» և «Եվրոպական Վրաստան»-ը, կտրուկ կերպով արձագանքեցին այս հայտարարությանը` Զուրաբիշվիլիի մեղադրելով ռուսամետության մեջ: Նման մեղադրանքների պատճառը քարոզարշավի սկզբում Զուրաբիշվիլիի հնչեցրած հայտարարությունն էր, որի համաձայն՝ Սաակաշվիլիի արկածախնդիր քաղաքականության հետևանքով էր հնարավոր դարձել Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսին իրականացված ագրեսիան:

«Վրացական երազանք»-ն իր այս ընտրությամբ հստակ կերպով արձանագրեց, որ գործող իշխանությունները պաշտպանում են մի գործչի, որը բազմիցս հայտարարել է, որ Վրաստանը ագրեսոր պետություն է, մեղադրել է իր երկրին սեփական տարածքում պատերազմ սկսելու մեջ: Այս ընտրությամբ «Վրացական երազանք»-ը ջնջեց կուսակցական պատկանելության և համակրանքի հիման վրա գծված բոլոր սահմանները: Այսօրվա տարաջատման հիմքում ոչ թե կուսակցական համակրանքն է, այլ՝ վրացական պետության շահը: Արդյո՞ք մենք` վրացիներս, ցանկանում ենք, որպեսզի նախագահ ընտրվի մի մարդ, որը սեփական երկիրը ագրեսոր է հռչակել և մեղադրել պատերազմ սկսելու մեջ», - շաբաթասկզբին հայտարարում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն:

«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, սակայն, հայտարարում են` իրենց և Զուրաբիշվիլիի մոտեցումները 2008-ի օգոստոսյան պատերազմի խնդրում համընկնում են: