Աբխազիայի ՆԳՆ. Վարչապետի մահվան պատճառ դարձած վարորդը թմրանյութերի ազդեցության տակ էր

Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիա, արխիվ

Աբխազիայի վարչապետի ողբերգական մահվան կապակցությամբ ինքնահռչակ հանրապետությունում սեպտեմբերի 12-ը սգո օր կհայտարարվի: Այդ մասին երեկ հայտնել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան:

Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան զոհվել է շաբաթ երեկոյան` Սուխումիի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Աբխազիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ավտովթարի մեղավորը հանրապետության բնակիչ Հաջարաթ Թարսմանն է, որ միջադեպի պահին գտնվում էր թմրանյութերի ազդեցության տակ և վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ չի ստացել: Նա իր «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհը չէր զիջել վարչապետի շարասյանը` մեծ արագությամբ հարվածելով այն մեքենային, որում գտնվում էր վարչապետ Գագուլիան:

«Թարսմանը կալանավորվել է», - հաղորդում են աբխազ իրավապահները: