Google-ը արգելափակել է Ռուսաստանում ծրագրված ցույցերի մասին հոլովակները YouTube-ում

Ռուսաստանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ վաղը ծրագրված զանգվածային ցույցերից առաջ Google-ը արգելափակել է դրանց մասին YouTube-ում տեղադրված վճարովի գովազդային հոլովակները:

Ցույցը նախաձեռնած Ալեքսեյ Նավալնու համախոհները պնդում են, որ ամերիկյան ընկերությունն այդ քայլին գնացել է Ռուսաստանի իշխանությունների ապօրինի պահանջով:

Ավելի վաղ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդրել էր հեռացնել գովազդը, պնդելով, թե այսօր Ռուսաստանում լռության օր է՝ վաղը կայանալիք ընտրություններից առաջ: Նույն պահանջով Google-ին էին դիմել նաև Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, Հակամենաշնորհային դաշնային ծառայությունն ու «Ռոսկոմնադզոր»-ը:

Նավալնու աջակիցները, մինչդեռ, պնդում են, որ վաղը նախատեսված ցույցերը ընտրությունների հետ որևէ կապ չունեն:

Ցույցերից առաջ իրավապահները ձերբակալել են Նավալնու տասնյակ աջակիցների, ինքը ընդդիմադիր գործիչն էլ օգոստոսի վերջից 30-օրյա վարչական կալանքի տակ է՝ զանգվածային միջոցառումների մասին օրենքը խախտելու մեղադրանքով: