Համազգայինը նշում է հիմնադրման 90-ամյակը

Առաջիկա կիրակի օրը՝ սեպտեմբերի 9-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն, որը կազմակերպել է Համազգայինի կենտրոնական վարչությունը:

Հանդիսության հեղինակն ու բեմադրիչը Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն է:

«Աշխատանքը կատարելուց առաջ ես հիշեցի Վահրամ Փափազյանի հայտնի խոսքը, երբ նա ներկայացնում է Համլետը՝ ասելով, որ աշխարհի որևէ բեմում որևէ դերասանի կատարմամբ անհնար է տեսնել ամբողջական Համլետ: Իրապես անհնար է մեկ միջոցառման մեջ պատկերել Համազգայինի ամբողջական գործունեությունը, որովհետև միայն Համազգայինի հրատարակչական գործունեության վերաբերյալ կարելի է հսկայածավալ ֆիլմ նկարահանել, մեծ ներկայացում բեմադրել: Էլ չեմ ասում բազմաթիվ այլ ճյուղեր», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մկրտչյանը:

Համազգայինի Հայաստանի հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը հավելեց․ - «Ամսի 9-ին պատասխանը դուք ավելի լավ կստանաք, բայց ես, որ և՛ սցենարին են ծանոթ, և՛ փորձերն են տեսել, ասեմ, որ այն տպավորությունն եմ ստացել, որ Վարդանը գորգ ա գործել՝ իր գույներով, և այդ գորգը Համազգայինի նկարագիրն է»:

Համազգայինի 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսության կազմակերպիչները շեշտեցին, որ սա գլխավոր հոբելյանական հանդիսությունն է, որին էլ հաջորդելու են նաև աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում կայանալիք հոբելյանական հանդիսություններ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, եվրոպական երկրներում, Սիրիայում, Լիբանանում և այլուր:

Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի համոզմամբ, Համազգայինի կարևորագույն առաքելությունը ոչ միայն հայապահպանությունն է եղել այս 9 տասնամյակների ընթացքում, այլև հայկական կրթության և մշակույթի միջոցով Սփյուռքում սերունդների զարգացումն ու առաջընթացն ապահովելը, ուստի Համազգայինի կատարած 90-ամյա գործունեությունը ներկայացնելու համար երկար ժամանակ կպահանջվի․ - «Հիմնականը պիտի ասեմ: Դուք գիտեք, որ Համազգայինը հիմնվել է փաստորեն Հայաստանի քաղաքական տարագիրների կողմից, լինի Նիկոլ Աղբալյանը, ով Առաջին հանրապետության լուսավորության նախարարն է եղել, լինի Լևոն Շանթը, ով խորհրդարանի նախագահն է եղել, թեև այդ նախագահությունը երբեք չգործածեց, որովհետև ընտրվելուց հետո անմիջապես գործուղվեց Մոսկվա ու այնտեղ երկար ժամանակ անցկացրեց, լինի Համո Օհանջանյանը՝ Հայաստանի վարչապետը: Սրանք են Համազգայինի երեք հիմնադիրները»:

Ուշագրավ է, որ հենց նրանք, ովքեր 1918 թվականի մայիսի 28-ին հիմնադրեցին Առաջին հանրապետությունը, ճիշտ 10 տարի անց 1928 թվականին մայիսի 28-ին Կահիրեում իրենց 6 այլ գործընկերների հետ հիմնադրեցին Համազգային հայ կրթական և մշակութային միությունը:

Համազգայինի Հայաստանի հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը հավելեց․ - «Ընկեր Մկրտիչը անուններ տվեց՝ Լևոն Շանթ, Նիկոլ Աղբալյան, Համո Օհանջանյան․․․ Սրանք այն անձնավորություններն են եղել, որ կարողացել են Ցեղասպանությունից հետո, կամ պետականությունը կորցնելուց հետո իրոք եթե չունենայինք հոգևոր դաշտը ապահովող Համազգայինը, ես համոզված եմ, որ անդեմ մի զանգված էինք մենք դառնալու: Համազգայինը մեծ առաքելություն ուներ, ունի և ունենալու է որ թե զուտ հայապահպանման, այլև անկախ Հայաստանի համար քաղաքացի պատրաստելու համար: Շանթը Աղբալյանին էր նամակ գրել ու ասում էր՝ մենք վաղվա Հայաստանի համար քաղաքացի ենք պատրաստելու: Այն ժամանակ, երբ որ Հայաստանը բոլշևիկյան էր: Այսինքն, նրանք հարյուր տարի առաջ տեսնում էին, որ վաղ թե ուշ պետականություն ու անկախություն ենք ունենալու, և դրա քաղաքացին պետք է դիմագիծ ունենա՝ անկախ այն բանից ինքը Միացյալ Նահանգներում կլինի, թե Կանադայում կլինի, թե Եվրոպայում, Հալեպում կամ ուրիշ տեղ: Սա էր Համազգայինի առաքելությունը»: