Իսրայելը կարող է հարվածել Իրաքում իրանական թիրախներին

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման, արխիվ

Իսրայելը հրաժարվում է բացառել Իրաքի տարածքում իրանական ռազմական թիրախներին օդային հարվածներ հասցնելու հնարավորությունը:

Վերջին տարիներին Իսրայելը մի քանի անգամ ծանր հարվածների է ենթարկել Սիրիայում իրանական հենակետերը:

«Մենք մշտապես հետևում ենք Սիրիայի զարգացումներին, այդ թվում իրանական սպառնալիքին, մենք մեր գործողությունները չենք սահմանափակելու միայն Սիրիայի տարածքով, դա պետք է բոլորի համար հստակ լինի», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Այդ հայտարարությանը նախորդել է հաղորդագրությունը այն մասին, որ Իրանը Իրաքում շիա մահմեդական զինյալներին տրամադրել է փոքր շառավղով գործողության հրթիռներ:

Իրանի և Իրաքի կառավարությունները, ինչպես նաև Վաշինգտոնում իրաքյան ռազմական գործողությունները կարգավորող ամերիկյան ռազմական կենտրոնակայանը դեռ չեն արձագանքել Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությանը:

Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Reuters-ին ասել է, որ Վաշինգտոնին խիստ մտահոգել է իրանական հրթիռներն Իրաքի շիա զինյալներին փոխանցելու մասին հաղորդագրությունը: Թեհրանը և Բաղդադը հերքում են այդ լուրը: