Լավրով. «Տասնամյա վաղեմության իրադարձությունների քննությունը Հայաստանի ներքին գործն է»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձությունների առթիվ, բայց և այնպես, տեղի ունեցող զարգացումները որակում է որպես երկրի ներքին գործ:

«Իհարկե մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Արտաքին հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում՝ МГИМО-ում ունեցած ելույթում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: «Մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում երկրում իրադրության զարգացման հեռանկարները», - նշել է Սերգեյ Լավրովը:

Մանրամասները տե՛ս այստեղ