Ալբանիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ

Կառավարությունն ընդունել է «Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում:

Ըստ որոշման, Ալբանիայի քաղաքացիները կարող են այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Ըստ հիմնավորման՝ որոշումը կնպաստի զբոսաշրջության խթանմանը, ժողովուրդների փոխճանաչմանը, երկկողմ գործակցության նոր ոլորտների ուրվագծմանը և զարգացմանը:

Հիմնավորման համաձայն՝ Ալբանիայի քաղաքացիները 2010թ. ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին:

Ալբանիան դեռևս 2013 թ.-ից ազատել է Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից: