Իրանի նախագահին խստորեն քննադատել են խորհրդարանում

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին այսօր հրավիրել են խորհրդարան, որտեղ հարցեր են տվել երկրում ծավալված տնտեսական բարդ ճգնաժամի վերաբերյալ:

2013 թվականին Ռոհանիի ընտրությունից հետո նրան առաջին անգամ են հրավիրել օրենսդիր մարմին, ինչը վերլուծաբանները համարում են խորհրդարանում նախագահի տնտեսական բարեփոխումների քաղաքականությանն ընդդիմացող կոշտ դիրքորոշման խմբերի հաղթանակ:

Օրենսդիրները պահանջել են բացատրություններ Իրանի ազգային տարադրամի՝ ռիալի կտրուկ արժեզրկման և գործազրկության աճի առնչությամբ:

Խորհրդարանում նրա ելույթից օրեր առաջ տնտեսության նախարար Մասուդ Քարբասիանը պաշտոնանկ է արվել:

Պատգամավորները նախագահին և նրա կառավարությանը մեղադրում են տտեսական ձախողումների համար, որոնք, ըստ վերլուծաբանների, 2015 թվականի միջուկային պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու և պատժամիջոցները վերականգնելու հետևանք են:

Ռոհանիի ընդդիմախոսների մեծ մասը դեմ էր միջուկային պայմանագրին, և նրանցից շատերն այժմ պահանջում են նրա հրաժարականը:

Նախագահ Ռոհանին հավաստիացրել է օրենսդիրներին, որ երկիրը կհաղթահարի առաջացած ճգնաժամը և ամերիկյան պատժամիջոցներն ու դրանով «Սպիտակ տան պաշտոնյաներին կապացուցի, որ այդ բոլոր հակաիրանական քայլերը ձախողվել են»:

Իրանի օրենսդիրներն ունեն նախագահին իմպիչմենտի ենթարկելու իրավունք, սակայն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին կարծիք է հայտնել, որ Ռոհանիին պետք է տալ մինչև 2021 թվականը նախատեսված պաշտոնավարման ժամկետն ավարտին հասցնելու հնարավորություն: