Սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակում չի լինելու. ԿԳ նախարար

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ

Սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակում չի լինելու, հայտարարել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ:

«Երկու մարզում էլ կան սակավաթիվ աշակերտներով փոքր դպրոցներ, որոնք հիմնականում սահմանամերձ համայնքներում են գտնվում։ Մենք փոքր դպրոցների զարգացման համար հեռանկարային ենք համարում համայնքային կենտրոնի վերածելու մոդելը: Դպրոցում կարող են կենտրոնացվել մի քանի գործառույթներ` նախակրթարան, դպրոց, գրադարան, մշակութային կենտրոն: Սահմանամերձ գյուղում դպրոցը բնակավայրի պահպանման հիմնական նախապայմանն է` սա կառավարության համար քաղաքական դիրքորոշում է», - հայտարարել է ԿԳ նախարարը:

Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը և, ըստ այդմ, աշակերտների թվից բացի, կիրառվելու է նաև գործակից` ըստ դասարանների թվի:

Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվում է 2019 թվականի բյուջետային հայտի մշակման համատեքստում: