Դատական երկու տհաճ լուր Թրամփի համար

Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը, Ալեքսանդրիա, Վիրջինիա, 12 հուլիսի, 2018թ.

Մանաֆորթը մեղադրանքի 18 կետերից 8-ով մեղավոր է ճանաչվել

ԱՄՆ դատարանը մեղավոր է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի նախըտրական թիմի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին, ով մեղադրվում է հարկերից խուսափելու և ֆինանսական մեքենայությունների մեջ:

Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանն ապացուցված է համարել մեղադրանքի 18 կետերից 8-ը:

Մանաֆորթի փաստաբան Քևին Դաունինգն ասել է, որ իր պաշտպանյալը հիասթափված է և քննարկում է հնարավոր հետագա քայլերը, այդ թվում՝ որոշումը բողոքարկելու տարբերակը:

«Ցավում եմ Մանաֆորթի համար, նա լավ մարդ է»

Նախագահ Թրամփը, ժամանելով Արևմտյան Վիրջինիա, որտեղ նախատեսված էր մեծ հանրահավաք աջակիցների հետ, օդակայանում խոսել է Մանաֆորթի մասին:

«Շատ ցավում եմ Փոլ Մանաֆորթի համար, նա լավ մարդ է, նա աշխատել է Ռոնալդ Ռեյգանի և արժանի շատ այրերի հետ: Այս գործը կապ չունի ռուսների խնդրի հետ, ռուսների հարցում շահերի բախում չի եղել», - ասել է նախագահը:

«Դե որտե՞ղ է այդ շահերի բախումը»

Ավելի ուշ՝ արդեն ելույթ ունենալով բազմաթիվ աջակիցների հետ հանդիպմանը, Թրամփը կրկնել է իր թեզն այն մասին, որ այս դատական գործընթացը հորինված է իրեն վարկաբեկելու համար:

«Կեղծ լուրեր և ռուսական վհուկաորս: Դե որտե՞ղ է այդ շահերի բախումը: Որտե՞ղ է, ուզում ենք գտնել այդ շահերի բախումը», - ասել է Թրամփը:

Փող թեթևաբարո կանանց լռության դիմաց

Մինչդեռ, նույն օրը նախագահ Թրամփի երկար տարիների անձնական փաստաբան Մայքլ Քոհենը Նյու Յորքում՝ Մանհեթենի շրջանային դատարանում, իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանել է, որ Թրամփի հանձնարարությամբ ապօրինի ֆինանսական գործարքներ է կատարել:

Նա, մասնավորապես, գումար է վճարել կանանց, ովքեր համաձայնել են չպատմել Թրամփի հետ «մտերմիկ հարաբերությունների» մասին:

Մանաֆորթի և Քոհենի դատավարությունները լուրջ խնդիրներ են ստեղծում Թրամփի համար:

Մանաֆորթը չհայտարարագրված միջոցներ է վաստակել Ուկրաինայի ռուսամետ քաղաքական գործիչներին, այդ թվում նախագահ Վիկտոր Յանուկովիչին քաղաքական և լոբբիստական ծառայություններ մատուցելու համար:

Երկու գործերը բարդություններ են ստեղծում Թրամփի համար

Մանաֆորթի և Քոհենի գործերն անուղղակի կապ ունեն հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած քննության հետ, որի նպատակն է պարզել 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության, մասնավորապես, Թրամփի թիմակիցների և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումների հանգամանքները:

Քոհենի դրվագը կապ չունի ռուսների ակտիվության հետ և ավելի շատ առնչվում է ամերիկյան ընտրական օրենքները ոտնահարելու և «լռության վճար» տրամադրելու հանգամանքին:

Եթե ապացուցվի, որ «լռության վճարը» տրամադրվել է 2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում, ապա դա, ըստ դաշնային օրենքների, դեռ այն ժամանակ պետք է հրապարակվեր:

Եթե պարզվի, որ Թրամփը գաղտնաբար է արտոնել այդ գումարների վճարումը, ապա դա կորակվի որպես ծանր հանցագործություն:

Մինչդեռ, սեպտեմբերին էլ դատ կլինի

Փոլ Մանաֆորթի գործով երկրորդ՝ ավելի ծանր մեղադրանքով դատավարությունը, որն առնչվում է Թրամփի թիմի և ռուսների հանդիպումներին, նախատեսված է սեպտեմբերին մայրաքաղաք Վաշինգտոնում: