50 տարի առաջ խորհրդային զորքերը Պրահայում կրակ բացեցին անզեն քաղաքացիների վրա

Պրահա, 1968 թվական

Խորհրդային տանկեր Պրահայի փողոցներում ու անզեն քաղաքացիներ, որոնք փորձում են ինքնաշեն բարիկադներով կասեցնել այդ տանկերի ընթացքը: 50 տարի առաջ այս օրերին արևմտյան լրատվական թողարկումերը հենց այդ պատկերները ներկայացնող կադրերով էին սկսվում: Ցանկացած ընդվզում, սակայն, ճնշվում էր խորհրդային տանկերի թրթուրների տակ, տեղից հաղորդում էին լրագրողները:

Խորհրդային բանակը Չեխոսլովակիա ներխուժեց 1968 թվականի օգոստոսին՝ վերջ դնելով քաղաքական ճգնաժամին, որը սկիզբ էր առել պատրանքներից, թե հնարավոր է կոմունիզմը բարեփոխել: Դրանից մի քանի ամիս առաջ իշխանության էր եկել Ալեքսանդր Դուբչեկը, ով խոստանում էր կառուցել սոցիալիզմ՝ մարդկային դեմքով:

Իր առաջին իսկ հրամաններից մեկով Դուբչեկը վերացրեց գրաքննությունը: Հենց հաջորդ օրվանից սկսվեց կոմունիստական իշխանություններին քննադատող հոդվածների տեղատարափ․ անգամ բազմակուսակցական, ժողովրդավարական համակարգ ստեղծելու կոչեր էին հնչում: Երկրում սկսվել էր մի շրջան, որը հետո կոչվեց «Պրահյան գարուն»:

«Ես երիտասարդ էի, հույսեր ունեի, բայց դրանց հետ մեկտեղ նաև՝ վախ, անընդհատ մտածում էի՝ ինչով կարող է այս ամենը վերջանալ»,- պատմում է պրահյան դեպքերի ականատեսներից մեկը: Այդ մտավախությունները խորը հիմքեր ունեին: Մոսկվան պրահյան զարգացումներին հետևում էր հետզհետե աճող անհանգստությամբ: Սկզբում ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևն աջակցում էր Դուբչեկին, սակայն հետագայում սկսեց վախենալ, որ Չեխոսլովակիայի բարեփոխումները կարող են թուլացնել կոմունիստական բլոկը:

Դուբչեկը հրաշալի ռուսերեն էր խոսում, և Բրեժնևը նրան «իր մարդն» էր համարում, անընդհատ կրկնում էր՝ Սաշան մեր դեմ չի գնա: Սակայն, հենց այդպես էլ եղավ: Նա Չեխոսլովակիայի քաղաքացի էր, ուներ ժողովրդավարական արժեքներ, և առճակատումն անխուսափելի էր:

Գարնանը սկիզբ առած ազատական շարժումն օրեցօր ավելի էր ընդարձակվում, խոսքի ազատությունը՝ ամրապնդվում, մի բան, որ չկար «Վարշավյան պայմանագրի» որևէ այլ երկրում: Մոսկվան մեծացնում էր ճնշումը՝ Դուբչեկից պահանջելով դադարեցնել բարեփոխումները: Դրան զուգահեռ՝ Կրեմլը պատրաստվում էր ռազմական գործողությունների: Եվ երբ հայտարարվեց, որ հուլիսին Բրեժնևը հանդիպելու է Դուբչեկի հետ, շատերը խոսեցին վերահաս վտանգի մասին:

«Հույս ունեմ՝ մեր սովետական բարեկամները չեն պնդի, որ մենք փոխենք վերջին ամիսների քաղաքական կուրսը», «Ես շատ երջանիկ եմ մեր երկրում տեղի ունեցող վերջին այս փոփոխություններից, և պան Դուբչեկին համարում եմ մեր ունեցած լավագույն քաղաքական գործիչներից մեկը»,- ասում էին չեխերը:

Բրեժնևն ու Դուբչեկը հանդիպեցին Սլովակիայի փոքր քաղաքներից մեկի՝ Չեռնա-նադ-Տիսոուի կայարանում, գնացքի վագոնում: Չորս օր շարունակված բանակցություններն անցան լարված, երբեմն՝ նյարդային մթնոլորտում: Խորհրդային պատվիրակությունը հայտարարեց, թե Պրահայում հակահեղափոխություն է իրագործվում և պահանջեց այն դադարեցնել: Օգոստոսին Բրեժնևը դեռ զայրացած հեռախոսազրույցներով էր շարունակում ճնշումները Դուբչեկի դեմ:

Թե՛ Ռուսաստանում, թե՛ Չեխիայում պահպանվել են արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ նրանց վերջին զրույցի սղագրությունը, երբ Բրեժնևն ասել էր՝ դու դրժեցիր խոստումը, որ տվել էիր մեզ Չեռնա-նադ-Տիսոուում:

Խորհրդային բանակի ներխուժումը սկսվեց օգոստոսի 20-ի գիշերը, 21-ի վաղ առավոտյան: Վարշավյան պայմանագրի անդամ այլ երկրների աջակցությամբ հարյուր հարզարավոր զինվորներ մտան Չեխոսլովակիա: Երկրի ղեկավարությունը հրահանգեց դիմադրություն ցույց չտալ: Վրդովված քաղաքացիներից շատերը, սակայն, անկարող էին անտարբեր մնալ: Ամենամեծ բախումը տեղի ունեցավ Պրահայի պետական ռադիոյի մոտ:

Զինվորականները տեղ հասան առավոտյան, սակայն մինչ այդ այնտեղ արդեն բազմություն էր հավաքվել, մարդիկ բարիկադներ էին բարձրացնում՝ շենքը պաշտպանելու համար: Բանակը կրակ բացեց: Զոհվեցին տասնյակ անմեղ մարդիկ, ի վերջո դիմադրությունը մարեց: Դուբչեկը պաշտոնանկ արվեց, նրա օրոք սկսված բոլոր բարեփոխումները չեղարկվեցին, խոսքի ազատությանն էլ փոխարինեց բիրտ ձեռքի քաղաքականությունը:

Ժողովրդավարությունը Չեխոսլովակիայում վերականգնվեց միայն 1989-ին, երբ հեղափոխական շարժումները տապալեցին խորհրդային կարգերն Արևելյան Եվրոպայում: