Դիվանագիտական սկանդալ Բելառուսի և Ղրղըզստանի միջև՝ ղրղըզ վտարանդի պաշտոնյայի պատճառով

Որպես բելառուսցի գործարար Դանիլ Ուրիցկի ներկայացող Ղրղըզստանի նախկին վարչապետ Դանիյար Ուսենովը Ռուդենսկիում գործարանի բացման արարողության ժամանակ

Դիվանագիտական սկանդալ է ծագել դաշնակիցներ Բելառուսի և Ղրղըզստանի միջև ղրղըզստանցի վտարանդի պաշտոնյայի պատճառով:

Բելառուսական լրատվամիջոցները վերջերս հերթական գործարանի բացման արարողության լուսանկարներն են հրապարակել, ինչը սառը ցնցուղ էր նախկին վարչապետին տարիներ շարունակ փնտրող Ղրղըզստանի իշխանությունների համար: Կադրերում Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին և շահագործման հանձնվող կորպորացիայի տնօրենն է, ով ներկայացվում է որպես Դանիլ Տիմուրովիչ Ուրիցկի: Այս կադրերը Ղրղըզստանում մեծ աղմուկ բարձրացրեցին:

Ուրիցկի անունով գործարարը տարօրինակ կերպով նման է ավելի քան մեկ տասնամյակ փնտրվող Ղրղըզստանի նախկին վարչապետ Դանիյար Ուսենովին: Նա տարիներ առաջ երկրից փախուստի է դիմել քրեական հետապնդումից խուսափելու համար:

Ուսենովը, ով կառավարությունը ղեկավարել է Կուրմանբեկ Բակիևի նախագահության օրոք, հայրենիքում հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտվել 2010 թվականին բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ ցուցարարների զանգվածային սպանությունների համար: Բակիևը հեղափոխության արդյունքում պաշտոնանկ արվելուց անմիջապես հետո փախել է Բելառուս, որտեղ էլ մինչ օրս բնակվում է:

Ղրղըզստանի իշխանությունները պաշտոնական Մինսկից տարիներ շարունակ ապարդյուն պահանջում են քաղաքական գործչի արտահանձնումը: Բակիևների կլանը հայրենիքում մեղադրվում է բրիտանացի գործարար Շոն Դեյլիի վրա հարձակում կազմակերպելու և ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ:

Ուսենովի` Բելառուսում բնակվելու մասին առաջին լուրերը լրատվամիջոցներում հայտնվեցին անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ թե երբ է ղրղըզստանցի գործիչը այդ երկիր ժամանել, մինչ այժմ հայտնի չէ:

Պաշտոնական Բիշքեկը բողոքի նոտա է հղել Բելառուսին՝ անընդունելի համարելով ղրղըզական դատարանի կողմից ծանր հանցանքների մեջ մեղադրվող նախկին պաշտոնյային ապաստան տրամադրելը:

Բելառուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ինքը՝ բելառուսցի գործարար ներկայացող Ուրիցկին հերքել է պնդումները, թե այլ անվան տակ թաքնվող Ղրղըզստանի նախկին վարչապետն է: Naviny.by լրատվական կայքը գրում է, որ ցույց տալով նոր անձնագիրը՝ նա հայտարարել է, թե կապ չունի Ուսենովի հետ: Հարցին՝ արդյոք իրականում ինքը Ղրղըզստանի նախկին վարչապետն է, Ուրիցկին պատասխանել է․ - «Ղրղըզներին հարցրեք․ ես լսել եմ , որ Դանիյար Ուսենովը մահացել է 2013 թվականին Մալայզիայում»:

Այս հայտարարությունից քիչ անց, սակայն, պաշտոնական Մինսկը հաստատել է՝ գործարար ներկայացող Ուսենովը Բելառուսի տարածքում է: Ի պատասխան պաշտոնական Բիշքեկի՝ արտահանձնման պահանջի, բելառուսական իշխանությունները հայտարարել են, թե չեն պատրաստվում բավարարել այդ պահանջը և նրան հայրենիք ուղարկել, քանի որ, ինչպես նշվում է հայտարարությունում, Ուսենովը հետապնդվում է քաղաքական հայացքների համար:

Ղրղըզստանում հեռակա կարգով ցմահ ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Ուսենովը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով նշանակվել է Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիայի տնօրեն: Նորաբաց կազմակերպությունը պետք է Բելառուսում կառուցի 12 գործարան, որոնք պետք է զբաղվեն խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, թռչունների, ձկների կերերի արտադրությամբ: