Թեհրանում կտրականապես մերժում են Ռոհանիի հետ հանդիպման՝ Թրամփի առաջարկը

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմի, արխիվ

Թեհրանում կտրականապես մերժում են Միացյալ Նահանգների նախագահի առաջարկը Իրանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ` քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ուղիները: Նման բանակցությունները «ոչ մի արժեք չեն ունենա» և «նվաստացում» կլինեն, պնդում են իրանցի պաշտոնյաները:

Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Հասան Ռոհանիի հետ «առանց նախապայմանների»:

Իրանի արտգործնախարարությունը երեկ հայտարարել է, որ Թրամփի առաջարկը հակասում է նրա գործողություններին, քանի որ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել և ճնշում է գործադրում այլ երկրների վրա, որպեսզի նրանք խուսափեն իսլամական հանրապետության հետ բիզնես գործակցությունից:

«Պատժամիջոցները և ճնշումները երկխոսության ճիշտ հակառակն են», - «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղար Բահրամ Ղասեմին։