Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Սպիտակ տանը Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփին հարց են տվել՝ արդյո՞ք պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Ես հավատում եմ հանդիպումներին, հատկապես երբ խոսքը հնարավոր պատերազմների, մարդկանց մահվան, սովի և այլ նման հարցերի մասին է, հանդիպումների մեջ վատ բան չկա»,- պատասխանել է Թրամփը, շարունակելով․ «Ես անպայման կհանդիպեի իրանցիների հետ, եթե նրանք ցանկանային հանդիպել: Ես չգիտեմ՝ արդյո՞ք նրանք դրան պատրաստ են: Այժմ նրանք ոչ դյուրին ժամանակներ են ապրում: Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած ժամանակ, երբ նրանք ցանկանան»:

Հարցին՝ առաջադրելու՞ եք հանդիպման համար որևէ նախապայման, նախագահ Թրամփը պատասխանել է․ «Ոչ մի նախապայման: Երբ նրանք ցանկանան, ես կհանդիպեմ»: Երկխոսության մասին Վաշինգտոնից հնչող այս հայտարարություններին պաշտոնական Թեհրանի արձագանքը չուշացավ: Իրանի իշխանությունները, սակայն, Թրամփի հետ հանդիպման համար նախապայմաններ են առաջ քաշում:

ԻԻՀ նախագահ Ռոհանիի խորհրդական Համիդ Աբութալեբին «Թվիթերում» հետևյալ գրառումն է արել․ «Հարգանք իրանի ժողովրդի նկատմամբ, թշնամության նվազեցում և վերադարձ միջուկային գործարքին՝ ահա այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն, որպեսզի բացվի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների խութերով լի ճանապարհը»:

Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին այս տարվա մայիսին, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված, այսպես կոչված, միջուկային գործարքից դուրս գալու մասին: Բացի այդ Վաշինգտոնը վերականգնեց ու խոստացրեց Թեհրանի դեմ պատժամիջոցները, նախազգուշացնելով նաև, որ կպատժի այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կփորձեն օգնել Իրանին միջուկային զենքի մշակման աշխատանքներում կամ բիզնես գործունեություն կծավալեն այդ երկրի հետ:

Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք կնքված միջուկային համաձայնագիրը ոչ միայն ի վիճակի չեղավ զսպել Թեհրանի միջուկային նկրտումները, այլև Իրանին հնարավորություն ընձեռեց ընդհատակում զարգացնել ռազմական ներուժը՝ այդպիսով նպաստելով ահաբեկչության տարածմանը:

Տարիներ տևած բանակցությունների արդյունքում Իրանը և հինգ գերտերությունները պայմանավորվել էին հետզհետե չեղարկել Թեհրանի դեմ տնտեսական ցավոտ պատժամիջոցները, ինչի դիմաց Իրանը երկարաժամկետ ապագայում պետք է հրաժարվեր ուրանի հարստացման ծրագրից: Հինգ գերտերությունները, մասնավորապես, թույլ են տվել Թեհրանին՝ վերսկսել նավթի արտահանումները, բացի այդ հանել են Իրանում ներդրումներ կատարելու արգելքն ու ապասառեցրել են Իսլամական Հանրապետության՝ շուրջ 100 միլիարդ դոլարի գումարներն արևմտյան բանկերում:

Այդ գործարքի ընդդիմախոսների հիմնական առարկությունը վերաբերում է ուրանի հարստացման սահմանափակումների վերացմանը: Պայմանագրի համաձայն՝ 10 տարի անց այդ սահմանափակումները կչեղարկվեն, իսկ արդեն 15 տարի անց, փորձագետների հաշվարկներով, Իրանը կրկին հնարավորություն կունենա լծվել միջուկային զենքի ստեղծմանը:

Պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո գործարքի մասնակից մյուս երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Չինաստանը շարունակում են հավատարիմ մնալ այդ փաստաթղթին, փորձելով լուծումներ գտնել օգոստոսից ուժի մեջ մտնող՝ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր վնասները մեղմելու համար: