Եգիպտոսում մահվան է դատապարտվել 75 մեղադրյալ

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը, արխիվ

Եգիպտոսի դատարանը մահվան է դատապարտել 75 մեղադրյալների, որոնց թվում են ապօրինի հռչակված «Մահմեդական եղբայրություն» խմբավորման մի քանի բարձրաստիճան անդամներ:

Կահիրեի քրեական դատարանի վճիռն այժմ փոխանցվում է Մուֆտիների ժողովի քննարկմանը: Այդ ժողովն աստվածաբանական ամենաբարձր ատյանն է: Ժողովի հայտնած կարծիքը պարտադիր ուժ չունի:

Եվս 600 մեղադրյալների վճիռները կընդունվեն սեպտեմբերին:

«Մահմեդական եղբայրություն» խմբավորումը 2013 թվականին աջակցել է նախագահ Մուհամեդ Մուրսիին, որի ղեկավարման օրոք Եգիպտոսում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Մուրսին ի վերջո բանակի կողմից պաշտոնանկ է արվել:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Մահմեդական եղբայրություն» խմբավորման անդամների հետապնդումները և այս տարվա հունիսին «ծաղր» է անվանել դատավարությունը: