Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց երկու ամսով կալանավորել Հայաստանը 1998-2008 թվականներին Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին:

Այդ մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Նա հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել, ասաց՝ նախկին նախագահի փաստաբանները հարցերին կպատասխանեն վաղը ժամը 12-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Քոչարյանի մյուս փաստաբանը՝ Ռուբեն Սահակյանն էլ փոխանցեց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը: Նրա խոսքով՝ Քոչարյանը հայտարարությամբ հանդես չի եկել, դատարանի որոշումն էլ «շատ հանգիստ» է ընդունել:

Հատուկ քննչական ծառայությունը հինգշաբթի օրը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրված Քոչարյանին մեղադրանք առաջադրեց և միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նախկին նախագահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ինքը՝ Քոչարյանը, «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում պնդել է, որ Հայաստանի նոր իշխանությունները իր նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում։

Հայաստանի նախկին նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովին և 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ: