Քսանամյա դադարից հետո Թել Ավիվի կինոդահլիճում կրկին հայկական ֆիլմ ցուցադրվեց՝ Ցեղասպանության մասին

Ցեղասպանությունից փրկված հայ որբեր Հալեպի որբանոցում, 1916 թվականի լուսանկար

Երեքշաբթի երեկոյան Թել Ավիվի «Սինեմատեք»-ի կինոդահլիճներից մեկում, որտեղ ամեն տարի տասնյակ միջազգային և տեղական նշանակության կինոփառատոններ են անցկացվում, 20 տարի դադարից հետո կրկին հայկական ֆիլմ ցուցադրվեց՝ Հայոց ցեղասպանության մասին:

Հրեա և հայ հանդիսատեսի դատին ներկայացվեց «Փրկության քարտեզ» խաղարկային փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին: Այն փաստագրություն է Հայոց ցեղասպանության տարիներին եվրոպացի հումանիստ կանանց կողմից հայ որբ երեխաների փրկության մասին և կառուցված է միայն իրական փաստերի հիման վրա: Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն էին և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները:

Ֆիլմի ցուցադրությունն Իսրայելում կազմակերպել էին «Արարատ», «Նաիրի» և «Նոյան տապան» հայկական կազմակերպությունները: Նախքան ցուցադրությունը բացման խոսքով հանդես եկան «Արարատ» միության անդամներ՝ դերասանուհի Զառա ու կինոռեժիսոր Էդուարդ Մարտիրոսյանները:

ԱՄՆ-ից ֆիլմի շնորհանդեսին ժամանել էր մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը, ով նաև իր խոսքով հանդես եկավ ու ներկայացրեց ֆիլմը: Ցուցադրությունից հետո հեղինակը պատասխանեց հանդիսատեսին հուզող հարցերին:

«Ազատության» հետ զրույցում Սարիբեկյանը ասաց․ - «Ամենակարևոր նպատակներից մեկը, իհարկե, նման ֆիլմ ստեղծելու՝ այս ֆիլմը արդեն փաստաթուղթ է, այստեղ բոլոր նյութերը՝ այն, ինչ ֆիլմում ներկայացվում է, բոլորը զուտ փաստագրական նյութեր են, և այդ ուղղությամբ պետք է տարվի աշխատանք՝ համենայն դեպս, տեղական և նաև հայկական կառույցների, Հայաստանում՝ նաև արտաքին գործերի նախարարությունը և նաև Սփյուռքի նախարարությունը: Հարկավոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին այստեղ ֆիլմեր ցուցադրվեն, այլ նաև հարկավոր է մեր մշակույթը, ընդհանրապես մեր պատմությունը ներկայացնել, ընդհանրապես մեզ ներկայացնել»:

Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատանը որպես թարգմանչուհի աշխատած Թամար Գրինբերգն էլ ափսոսանք հայտնեց, որ նման ֆիլմեր շատ հաճախակի չեն ցուցադրվում Իսրայելում: Նա ընդգծեց, որ համաձայն է երկրի կենտրոնի հայկական կազմակերպությունների հայտարարությանը, որով կոչ էր արվել հրեա քաղաքական գործիչներին այլևս չօգտագործել Հայկական հարցը թուրքերի դեմ ճնշում գործադրելու համար:

«Վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված նման է պինգ պոնգ խաղի՝ ճանաչենք կամ չճանաչենք, կամ նվերի է նման՝ նվեր տանք ինչ-որ մեկին ու հետո հետ վերցնենք: Սա զզվելի երևույթ է, և համաձայն եմ հայկական կազմակերպությունների հետ, որոնք այլևս չեն ուզում լսել Իսրայելի կողմից տարվող այս քաղաքական խաղերի մասին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գրինբերգը:

«Նաիրի» միության անդամ ու թարգմանչուհի Շեֆի Մխիթարը, ով ֆիլմի եբրայերեն սուբտիտրերի հեղինակն է, տեղեկացրեց, որ ավելի քան մեկ ամիս աշխատել է ֆիլմի վրա, և շատ դժվար է եղել յուրաքանչյուր անգամ զգալ այն հոգեկան ապրումներն ու տառապանքը, որ բաժին էր ընկել հայ ժողովրդին: Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի կառավարության կողմից ժխտման առնչությամբ էլ նա ասաց․ - «Ես կարծում եմ՝ տարբերություն կա՝ ինչ պետությունն է ասում և ինչ հասարակ մարդիկ են խոսում: Կարծում եմ, որ այս ֆիլմը կոտրում է կառավարության այդ արգելքն ու շատերին հնարավորություն է տալիս ճանաչել ու ինքնուրույն որոշում կայացնել»: