ԼՂ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ շտաբում

Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Պաշտպանության բանակի շտաբում անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարական կազմն ու շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, բանակաշինության արդի փուլի զարգացումների, ավելի անվտանգ մարտական հերթապահության կրման հետ կապված հարցերի լայն շրջանակ, հատուկ անդրադարձ է կատարվել զինծառայողների սոցիալական ապահովությանը:

Սահակյանը նշել է, որ զինծառայողների սոցիալ-իրավական ոլորտի բարելավման հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, և այսուհետ ևս ամեն ինչ արվելու է ոլորտում առկա խնդիրները ամենասեղմ ժամկետում լուծելու համար: