Հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել Սուրբ Գեղարդը

Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորով առաջնորդվել է Միածնաէջ Մայր Տաճար: Նորին Սրբությունը Մայր Տաճարի Ավանդատուն-թանգարանից դուրս է բերել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը հավատացելոց օրհնության և երկրպագության համար, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ներկաներին՝ հայցելով Աստծո պահպանությունն ու օգնականությունն ամենքին, ասված է հաղորդագրությունում:

Սուրբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամները երեկ անժամկետ նստացույց են սկսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը՝ պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Նրանք Վեհափառ հայրապետին մեղադրում են նաև Սուրբ Գեղարդ մասունքից մի հատված Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին նվիրաբերելու մեջ։

Մայր Աթոռից հակադարձում են, որ Սուրբ Գեղարդի ամբողջականությունը խախտված չէ, դրանից նվիրաբերում եղել է, բայց ռուսական եկեղեցուն ու դեռ տարիներ առաջ։