«Օրակարգում իմ հրաժարականի հարց չկա»․ Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյան, արխիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Սահմանադրության օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց՝ նոր իշխանության օրոք էլ շարունակելու է աշխատել, և օրակարգում իր հրաժարականի հարց չկա։ Դատական համակարգը քաղաքական գործընթացներից դուրս է, հավելեց Թովմասյանը։ Նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր լինելն էլ իրեն բնավ չի խանգարում։

«Եթե քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաև դատական իշխանությունը, ուրեմն Սահմանադրության մեջ ինչ-որ բան այնպես չի գրված»,- ասաց Թովմասյանը, հիշեցնելով՝ դատական համակարգում այժմ աշխատում են դատավորներ, որոնք նշանակվել են դեռևս առաջին և երկրորդ նախագահների օրոք:

Պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է գործող Սահմանադրությունը կենսունակ քաղաքական նոր իրավիճակում, 2015-ին ընդունված Սահմանադրության համահեղինակ Հրայր Թովմասյանն ասաց՝ եթե իրեն դարձյալ Սահմանադրություն գրելու առաքելություն վերապահվեր, որևէ հոդված չէր վերաձևակերպի․ «Ո՞րտեղ եք տեսել, որ խնդիր է առաջացել, բոլոր պրոցեսներն ընթանում են Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներով»:

Թովմասյանն ափսոսանքով արձանագրում է՝ հուլիսի 5-ը հասարակությունը որպես տոն ամբողջությամբ չի ընկալում։ Այն դեռ չի մտել մեր բնակարաններ ու աշխատասենյակներ: ՍԴ ղեկավարը խոստացավ ապագայում հուլիսի 5-ն իսկական տոն դարձնել։

«Ազատությունը» հետևյալ հարցն ուղղեց նրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սահմանադրության համաձայն, իշխանությունը վերջապես պատկանում է ժողովրդին․ այդ դեպքում ու՞մ է պատկանել իշխանությունը մինչ այդ: Հրայր Թովմասյանը հակադարձեց՝ դա քաղաքական հարց է, որին հիմա չի պատրաստվում պատասխանել։

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի հայտարարության հետ կապված էլ՝ թե նախկինում քաղաքական ճնշումներ, «Բաղրամյան 26-ի» հրահանգով կայացրած դատավճիռներ են եղել, Թովմասյանն ասաց՝ տեղյակ չէ, թե նախկինում ինչ է եղել։