Ռուսաստանում բողոքի ցույցեր՝ թոշակի տարիքը բարձրացնելու դեմ

Ցույց թոշակի անցնելու տարիքը բարձրացնելու ծրագրի դեմ, Կազան, 30 հունիսի, 2018թ.

Մոտ 500 մարդ, արձագանքելով թոշակի անցնելու տարիքը բարձրացնելու կառավարության ծրագրի դեմ հուլիսի 1-ին բողոքի ակցիաներ անցկացնելու՝ ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կոչին, այսօր Հրեական ինքնավար մարզի կենտրոն Բիրոբիջանում ցույց է անցկացրել:

Ցուցարարները նաև բողոքում են բենզինի գնաճի և ավելացված արժեքի հարկի աճի դեմ:

Նավալնին հունիսի 19-ին է կոչ արել ռուսաստանցիներին բողոքի ակցիաներ անցկացնել:

Կոռուպցիայի դեմ պայքարի առաջնորդ և Կրեմլի քննադատ Նավալնին ցույցեր անցկացնելու դիմումներ է ներկայացրել Ռուսաստանի 20 քաղաքներում՝ բացառությամբ 11 այն քաղաքների, որտեղ այս օրերին տեղի են ունենում ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խաղերը:

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և առաջնությունը հյուրընկալող ևս 9 քաղաքներում այս օրերին ցույցերն ու երթերն արգելված են:

Մոտ 2 միլիոն 600 հազար ռուսաստանցիներ ստորագրել են թոշակի անցնելու տարիքը բարձրացնելու ծրագիրը չեղարկելու խնդրագիրը: