Կաշառքի գործով խուզարկություններ ԵԿՄ Կենտրոնի բաժանմունքում և օժանդակ կառույցներում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, 2018 թվականի հունիսի 21-ին խուզարկություններ են կատարվել հրամանատարի աշխատասենյակում, Երկրապահ կամավորականների միությանը պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում: Արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել է երկու օդամղիչ հրացան, իսկ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է քրեական գործի համար էական նշանակություն ունեցող նոթատետր և գումարի փոխանցման անդորրագիր, որոնցում առկա տեղեկությունների վերաբերյալ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ N զորամասի հրամանատարին, կոչումով՝ փոխգնդապետ, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ», - ասված է հաղորդագրոթյունում։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ձերբակալվել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով:

Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ըստ առկա կասկածների, Գրիգորյանը ներգրավված է եղել նաև բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ: Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց խուզարկության տեսանյութը:

Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը ուզուրկություններ է իրականացնում ԵԿՄ տարածքային բաժանմունքներում։ Հունիսի 20-ին հաղորդվեց, մասնավորապես, որ «ԵԿՄ Ավան»-ի բաժանմունքում և գրասենյակի նախագահի տանն իրականացված խուզարկությամբ առգրավվել է զենք-զինամթերք։