Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատան մոտ բացվեց Բորիս Նեմցովի անվան պուրակը

Արխիվ. Բորիս Նեմցովի լուսանկարը նրա սպանության վայրում, Մոսկվա

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, Ռուսաստանի դեսպանատան դիմացի պուրակը այսօր անվանվել է Ռուսաստանում սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով: Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցել են տասնյակ քաղաքացիներ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Լիտվայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ուդալցովը Վիլնյուսի քաղաքային իշխանությունների որոշումը համարել է «ոչ կոռեկտ»:

Անցած փետրվարին, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան հրապարակը կոչվեց Բորիս Նեմցովի անունով:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին, Մոսկվայի կենտրոնում: Նրա սպանության գործով հինգ չեչեն է դատապարտվել, սակայն սպանության պատվիրատուն բացահայտված չէ: