Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդին՝ Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։
Նախագահի գրասենյակի փոխանցամբ՝ շնորհավորական ուղերձում ասվում է. - «Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: Վստահ եմ, որ մեր պետություններն այսուհետ ևս կշարունակեն ակտիվ քաղաքական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նշանակալի հնարավորություններ է ստեղծում հայ-շվեդական փոխգործակցությանը նոր թափ ու բովանդակություն հաղորդելու առումով»։
Արմեն Սարգսյանը Շվեդիայի բարեկամ ժողովրդին հետագա առաջընթաց և բարօրություն է մաղթում։