Ադրբեջանի Գերագույն դատարանը ուժի մեջ թողեց «Ազատության» կայքէջի արգելափակման որոշումը

«Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչ Ադըլ Իսմայլովը, արխիվ

Ադրբեջանի Գերագույն դատարանը ուժի մեջ թողեց «Ազատություն» ռադիոկայանի կայքէջի արգելափակման մասին իշխանությունների որոշումը:

Անցյալ տարվա ապրիլին, հիշեցնենք, Ադրբեջանի կապի նախարարությունը, բացի «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքէջից, արգելափակոց նաև «Ազադլըղ» թերթի, «Մեյդան TV», «Թուրան» TV, «Ազերբայջան սաաթիի» կայքէջերը: Դատարանի այսօրվա վճռի համաձայն՝ անկախ այս լրատվամիջոցների տեղեկատվությունը կշարունակի անհասանելի լինել ադրբեջանական համացանցում:

Կայքերն արգելափակել պահանջել էր Գլխավոր դատախազությունը անցյալ տարվա մարտին՝ պնդելով, մասնավորապես, թե այդ լրատվամիջոցները սպառնալիք են ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգությանը և «խրախուսում են բռնությունը, ատելությունը կամ ծայրահեղականությունը, խախտում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և զրպարտում են»:

Ալիևի վարչակազմի այս որոշումը դատապարտել է ինչպես Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանի ղեկավարությունը, այնպես էլ Եվրամիությունը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Լրատվամիջոցի նախագահ Թոմաս Քենթը հայտարարել է, թե «Ազատության» ադրբեջանական ծառայության կայքէջի արգելափակումը «կանխամտածված արշավի մի մասն է», որն ուղղված է լռեցնելու Ադրբեջանի երկարամյա ղեկավարին քննադատող ձայները: Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավարի գրասենյակն էլ ընդգծում է՝ կայքերի արգելափակումը «հակասում է անկախ և բազմազան լրատվամիջոցներ ունենալու այն պահանջին, որը բնորոշ է ժամանակակից ժողովրդավարական հասարակություններին»:

Ադրբեջանական հինգ անկախ լրատվական կայքերի՝ երկրի տարածքում արգելափակելու որոշումը դատապարտել են նաև մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց թվում՝ «Ֆրիդոմ Հաուս»-ը, որի զեկույցի համաձայն, մամուլի ազատության առումով Ադրբեջանն ամենավատ դրություն ունեցող երկրներից է:

«Անկախ մեդիակայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության և նախագահ Ալիևի՝ այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ արած բոլոր հավաստիացումները չեն համապատասխանում իրականությանը», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Արգելափակման պահանջները հաջորդել են Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի հետ համատեղ «Ազատության» ադրբեջանական ծառայության՝ երկրի նախագահի ընտանիքի ֆինանսական գործունեությանը վերաբերող և պաշտոնական Բաքվին անհաճո այլ ռեպորտաժներին:

Մինչ կայքի արգելափակումը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն, հիշեցնենք, խուզարկվել և փակվել էր դեռևս2014 թվականին՝այդ թվում հարկային չարաշահումների մեղադրանքներով, որոնք լրատվամիջոցը հերքում է և կեղծիք որակում:

Այսօրվա լսումների ընթացքում, ինչպես փոխանցում է «Թուրան» գործակալությունը, «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչ Ադըլ Իսմայլովը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհում 35 միլիոն մարդ ընթերցում է ադրբեջանական ծառայության կայքը, լրատվամիջոցը հետևում է լրագրողական էթիկայի բոլոր նորմերին և հարգում է ազգային օրենսդրությունը: Իսմայլովի կարծիքով կայքի արգելափակումը իրավաչափ չէ և խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Նա դատարանին կոչ է արել չեղարկել արգելափակման ապօրինի որոշումը, սակայն Գերագույն դատարանը մերժել է բողոքը: Վճիռը բողոքարկելու միակ ատյանը մնում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը: