Դանիայի խորհրդարանը արգելեց հանրային վայրերում դեմքը փակող հագուստ կրելը

Մահմեդական կին Եվրոպայում, արխիվ

Դանիայի խորհրդարանը արգելեց հասարակական վայրերում դեմքը փակող հագուստ կրելը՝ այդ թվում մահմեդական նիքաբ և բուրքա: Բացառություն են միայն գլխաշորերը, մոտոցիկլետ վարողների սաղավարտները:

Արգելքը ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ին, այն վերաբերում է ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Օրենքը խախտողներին սպառնում է դրամական տուգանք:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է դանիական խորհրդարանի որոշումը՝ հայտարարելով, որ օրենքը խախտում է մահմեդական կանանց իրավունքները: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դանիայում բնակվող մահմեդական կանանց թիվը, ովքեր ամբողջությամբ փակում են դեմքը, 150-200 է:

Ավելի վաղ մահմեդական հագուստ և դեմքը փակող գլխաշորեր կրելն արգելել են Բուլղարիան, Ավստրիան, Բելգիան, Ֆրանսիան, Շվեյցարիայի և Իսպանիայի որոշ շրջաններ, ինչպես նաև կանադական Քվեբեկը: