Բնապահպանության նախարար․ կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի առումով «ինձ կաշկանդող ոչինչ չկա»

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ բնական ռեսուրսների հետ կապված կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի առումով իրեն կաշկանդող ոչինչ չկա:

Խոսելով առհասարակ բնապահպանության համակարգում կոռուպցիայի մասին, նախարարը նախ շեշտեց, որ ինքը ոլորտում աշխատում է 2002 թվականից և իրեն ոչ ոք չի կարող մեղադրել երբևէ, որևիցե կոռուպցիոն գործարքի մեջ:

Ինչ վերաբերում է առհասարակ համակարգին՝ Էրիգ Գրիգորյանը նշեց․ - «Համակարգում կան խնդիրներ, քանի որ համակարգը տրամադրում է բնական ռեսուրսների հետ կապված լիցենզիաներ, թույլտվություններ, որոնք պետական ռեսուրսներ հանդիսանալով շատ ցածր վճարների պարագայում, ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր»:

Ֆեյսբուքյան ասուլիսի եթերում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կարողանալու է, ինչպես պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդյունավետ կերպով պայքարել ոլորտում առկա խնդիրների դեմ, մասնավորապես՝ ՀԷԿ-երի հետ կապված, որոնց հետևում հաճախ ազդեցիկ մարդիկ կան, Էրիկ Գրիգորյանը շեշտեց․ - «Ինձ կաշկանդող ոչինչ չկա: Ես հասկանում եմ լուծումները այն շրջանակում, ինչ շրջանակում որ մենք լիազորված ենք աշխատել»:

Նախարարը նշեց՝ ակնկալում է, որ մեծ հակազդեցություն է լինելու, սակայն պատրաստ է դրան՝ «այնպես, ինչպես որ պատասխանատվություն եմ վերցրել այս աշխատանքը կատարելու»: